ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Հրազդանի կիրճում շրջիկ ծառայություն իրականացնող ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները նկատել են թմրանյութ տեղադրող երիտասարդի, որը, փախուստի դիմելով, ընկել է կիրճում գտնվող ջրատարը։ Ոստիկանները նրան փրկել են, ապա ձերբակալել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Ոստիկանությունից նշում են, որ 20–ամյա երիտասարդին սկսել են հետապնդել, երբ նրա կողմից կասկածելի վարքագիծ են նկատել։ Երիտասարդը վազելիս նետել է սառը զենքի նմանվող առարկա։ Երբ նա ընկել է ջրատարը, սկսել է օգնություն խնդրել ոստիկաններից։ Գվարդիայի ծառայողները նրան դուրս են բերել ջրից, ինչից հետո երիտասարդն իր բջջային հեռախոսի մեջ ցուցադրել է նկարները, որոնք վերաբերում են թմրանյութերին։
ՆԳՆ–ից հայտնում են, որ ոստիկանության աշխատակիցները Հրազդանի կիրճում արագ հայտնաբերել են կպչուն ժապավենով երեք փաթեթները։
Արդյունքում երևանցի երիտասարդը թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել ու տեղափոխվել է համայնքային ոստիկանության կենտրոնական բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին։
Հանգամանքները պարզվում են։