Եկեղեցու միջադեպով կալանավորված 18-ամյա Դավիթին տեղափոխում են «Աբովյան» ՔԿՀ

«Աբովյան» ՔԿՀ-ն նախատեսված է կանանց և անչափահասների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանին տեղափոխում են «Աբովյան» ՔԿՀ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը։
«Սա ուղղակի իրավունքի ապահովման պատրանք է: Դավիթի կյանքի իրավունքն է վտանգի տակ, էս էրեխուն հիվանդանոց տեղափոխեք, ոչ թե հիմա էլ այլ ՔԿՀ...»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբանը։
Նշենք, որ 18-ամյա Դավիթ Մինասյանն ապրիլի 1-ին դատարանից տեղափոխվեց «Արմավիր» ՔԿՀ։ «Աբովյան» ՔԿՀ-ն նախատեսված է կանանց և անչափահասների համար, սակայն օրենքը թույլ է տալիս, որ չափահաս դառնալուց հետո մինչև 21 տարեկան անձը կարող է մնալ «Աբովյան» ՔԿՀ-ում, եթե դրսևորել է դրական վարքագիծ։
Հիշեցնենք` մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվեցին 18-ամյա երկվորյակ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյաններն ու հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը։ 3 անձ ձերբակալվեց։
Մարտի 30–ին քննիչները խուզարկություն իրականացրին տղաների բնակարանում։ Մարտի 31–ին հայտնի դարձավ, որ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 տղաների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Երկվորյակ եղբայրներից մեկի` Միքայել Մինասյանի ու Գևորգ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։
Իսկ Դավիթ Մինասյանը ապրիլի 1–ին դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց։