ԱԴԾ-ն հրապարակել է աշտարակը հրկիզելու գործով ձերբակալման և հարցաքննության կադրերը

Մեղադրական վճիռը կայացրել է Երկրորդ Արևմտյան շրջանային ռազմական դատարանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Իվանովոյի մարզում երեք երիտասարդ դատապարտվել են երկարատև ազատազրկման բջջային կապի աշտարակը հրկիզելու համար, հայտնել է ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնը։
Մեղադրական վճիռը կայացրել է Երկրորդ Արևմտյան շրջանային ռազմական դատարանը։ Գործով անցնողները 2003, 2006 և 2009 թվականներին ծնված ՌԴ քաղաքացիներ են, որոնք մեղավոր են ճանաչվել ահաբեկչական գործողություն կատարելու մեջ։
Քննության տվյալներով` նրանք միացել են Ռուսաստանում արգելված ահաբեկչական խմբավորման՝ դրամական պարգևատրման ակնկալիքով։ Առաջադրանքները ստացել են համակարգողից Telegram մեսենջերի միջոցով։ Խմբի կազմում երիտասարդները հրկիզել են բջջային կապի աշտարակը՝ ավելի քան 1 մլն ռուբլու վնաս պատճառելով։ Խոստացված գումարը նրանք այդպես էլ չեն ստացել։
ԱԴԾ-ն հրապարակել է նաև դատապարտյալների ձերբակալման և հարցաքննության կադրերը։ Տեսանյութում նրանից մեկը պատմել է, որ համակարգողը համոզել է իրենց, որ գործողություններն անվտանգ են. «Նա արդեն ասել է, որ պետք է էլեկտրական կրպակներ այրել, որ դրանք միևնույն է՝ ապահովագրված են, և որ դրանք գրեթե ամեն տարի այրվում են, որպեսզի ավելի հաճախ փոխարինեն»։
Նրա խոսքով` նրանց պարգևատրման դիմաց առաջարկել են նաև ջերմաքարշ հրկիզել։ Երիտասարդները ժամանել են կայարան և գտել անհրաժեշտ օբյեկտը, սակայն չեն հանդգնել հրկիզել այն, որից հետո հայտնել են ղեկավարին, որ չեն կարողացել հայտնաբերել այն։
Երեքն էլ ձերբակալվել են ԱԴԾ աշխատակիցների կողմից։ Մեղադրանքները ներառել են ահաբեկչական կազմակերպությանը մասնակցություն, խմբի կողմից ահաբեկչական գործողության կատարում, ինչպես նաև անչափահասի ներգրավում հատկապես ծանր հանցագործության մեջ։
Դատարանը նրանցից մեկին դատապարտել է 22 տարվա ազատազրկման. առաջին հինգ տարին նա կանցկացնի բանտում, մնացածը՝ խիստ ռեժիմի գաղութում։ Նրա նկատմամբ նաև տուգանք է սահմանվել 300 հազար ռուբլու չափով ու երկու տարվա ազատազրկում։
Գործով անցնող երկրորդ անձը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման՝ նմանատիպ պայմաններով և 300 հազար ռուբլի տուգանքի։
Երրորդը, որն անչափահաս է, դատապարտվել է 9 տարվա ազատազրկման ու տուգանվել է 30 հազար ռուբլով։
Դատավճիռը դեռ օրինական ուժի մեջ չի մտել։