ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Դատարանն իր որոշմամբ մի շարք կետերով հերքել է ՀՀ իշխանությունների որոշ մեղադրանքները` ուղղված «Տաշիր կապիտալ» ընկերությանը, որին զրկել են ՀԷՑ–ի լիցենզիայից։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը։
Մարտի 27–ին հայտնի դարձավ, որ դատարանը մերժել է ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դեմ «Տաշիր կապիտալի» հայցը:
«Հիշում եք` մի փոքրիկ շոու բեմադրվեց փոքրիկ խմբակի ղեկավարի և ժամանակավոր կառավարչի մասնակցությամբ (նկատի ունի` Նիկոլ Փաշինյանի և Ռոմանոս Պետրոսյանի քննարկումը. խմբ.), և միտք հնչեց, թե կարո՞ղ ենք ենթադրել, որ էլեկտրաէներգիայի էլեկտրոնային հաշվիչ համակարգը կարող է ջնջվել ինչ–որ բան թաքցնելու համար, պատասխան է հնչում, թե բա` հա։ Մինչդեռ դատարանը ֆիքսեց, որ այդ համակարգը չի կարող ջնջվել, և ընդհանրապես չկա ապացույց, որ դա ջնջվել է, դիտավորությունը բացառեց»,– ընդգծեց Ղազինյանը` ավելացնելով, որ խոսքվում էր 70 մլրդ դրամի փոշիացման մասին։
Հաջորդ սուտը, ըստ Ղազինյանի` վերաբերում է հավելագրումներին, երբ ՀՀ իշխանությունները հայտարարեցին, թե ՀԷՑ–ը 3 մլն մարդու գրպան է մտել։
«Դատարանն իր որոշմամբ նշեց, որ դա սուտ է, որևիցե ձևով դա չի հիմնավորվում»,– նշեց ՀԷՑ նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատարը` ավելացնելով, որ դատարանը ֆիքսել է, որ սուտն էր նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի այն հայտարարությունը, թե ՀԷՑ–ը ինչ–ինչ ձևերով կողոպտում է հայ ժողովրդին, մասնավորապես քաղաքացիների հոսանքի սակագնի մեջ մտնում են նաև ՀԷՑ-ի վերցրած վարկերը։
Ղազինյանի կոնկրետ մեկ հարց է հետաքրքրում` այս հայտարարություններն արած իշխանավոր տղամարդիկ պատրա՞ստ են ներողություն խնդրել Սամվել Կարապետյանից։
«Կոնցեռն–Դիալոգ» փաստաբանական ընկերության կառավարիչ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանն իր հերթին նշեց, որ առաջին ատյանի դատարանի որոշումը կբողոքարկեն ՀՀ վերաքննիչ դատարանում։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը 2025 թվականի հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։