ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կոնցեսիան երրորդ կողմին վաճառելու ոչ մի օբյեկտիվ պատճառ չկա։ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այս հայտարարությունն է արել Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 26-ին հայտարարեց, որ Երևանը դեմ չէ Հայաստանի երկաթուղին ղազախական կոնցեսիոն կառավարման հանձնելու տարբերակին, եթե այդ հարցում համաձայնություն ձեռք բերվի Ռուսաստանի հետ: ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը մարտի 3-ին հայտնեց, որ ՌԴ–ն Հայաստանի երկաթուղու կառավարումը Ղազախստանին հանձնելու հարցով բանակցություն չի վարում։
«Մեզ համար ակնհայտ է, որ ՀԿԵ–ի կոնցեսիան որևէ երրորդ կողմի վաճառելու ոչ մի օբյեկտիվ պատճառ չկա»,– ասել է Օվերչուկը:
ՌԴ փոխվարչապետն ընդգծել է, որ Ռուսաստանում ընդունված է դատել ոչ թե խոսքով, այլ գործով, իսկ գործը ցույց է տալիս, որ սկզբում խլեցին մասնավոր էլեկտրաէներգետիկական ընկերության սեփականության իրավունքը, իսկ հիմա բարձրացնում են երկաթուղային կոնցեսիայի հարցը:
«Ինչպե՞ս արձագանքել դրան»,– հավելել է նա։
Հիշեցնենք` հայկական երկաթուղին ՀԿԵ-ի կոնցեսիոն կառավարմանն է հանձնվել 30 տարով 2008 թվականի փետրվարին՝ ևս 10 տարի երկարաձգելու իրավունքով։ Փետրվարի 13-ին Փաշինյանը ՌԴ գործընկերներին առաջարկել էր Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը վաճառել Երևանի և Մոսկվայի բարեկամ երկրի։