ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի հետևանքով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի դասընկերներն ու ուսուցիչները բողոքի ակցիա են անում ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ։
Դավիթ Մինասյանի դասընկերներն ու ուսուցիչները բողոքի ակցիա են անում ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ
© Sputnik
«Մեր ակնկալիքն է, որ միջազգային հանրությունն ուշադիր լինի, թե ինչ է տեղի ունենում այստեղ, և կալանքի որոշումը փոխվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթի դասընկերներից Հենրի Էլբակյանը։
Բողոքի ակցիային մասնակցում են Դավիթի ոչ միայն ներկա, այլև նախկին դասընկերները։
«Մենք չեն կարող մի կողմ մնալ, երբ մեր ընկերն այսպիսի իրավիճակում է հայտնվել։ Մեր պահանջն ու խնդրանքն այն է, որ այդպիսի արդար և ազնիվ մարդկանց գործողությունները ստանան հենց այդպիսի արդար ու ազնիվ պատասխան»,- ասաց Դավիթի նախկին դասընկերներից Մարիա Պապոյանը։
Դասընկերները շեշտեցին՝ այս ակցիան որևէ քաղաքական նպատակ չունի, Դավիթն էլ երբևէ քաղաքականացված անձնավորություն չի եղել։
Հիշեցնենք` մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Այն պահին, երբ վարչապետը դուրս էր գալիս տաճարից, հավաքվածներից մեկը վրդովված դիմեց թիկնապահին. «Տենց չնայես ինձ»։ ՀՀ վարչապետը թիկնապահներին հրահանգեց հանգիստ մնալ ու չմիջամտել։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով 3 անձ ձերբակալվեց, որոնցից 2–ը երկվորյակ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյաններն էին։
Մարտի 30–ին քննիչները խուզարկություն իրականացրին տղաների բնակարանում։ Մարտի 31–ին հայտնի դարձավ, որ ձերբակալվածների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Երկվորյակ եղբայրներից մեկի` Միքայել Մինասյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ապրիլի 1–ին որոշեց 2 ամսով կալանավորել 18-ամյա Դավիթ Մինասյանին։