ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Ուկրաինայի զինուժը հարվածներ է հասցրել Զապորոժիեի մարզի Վասիլևկա քաղաքում գտնվող բնակելի շենքերից մեկին, 4 մարդ է տուժել։ Այս մասին հայտնել է մարզպետ Եվգենի Բալիցկին։
«Այս գիշեր թշնամին հարվածել է Վասիլևկա քաղաքում գտնվող երկհարկանի բնակելի տանը։ Շենքը գրեթե ամբողջությամբ փլուզվել է։ Փլատակներից 4 մարդ է դուրս բերվել՝ 1942, 1970 և 1993 թվականներին ծնված կանայք և 2022 թվականին ծնված երեխա։ Բժիշկները նրանց օգնություն են ցուցաբերում», – գրել է Բալիցկին Max–ում։
Նա հավելել է, որ դեպքի վայրում աշխատում են օպերատիվ ծառայությունները։
Բալիցկիի խոսքով՝ հավանականություն կա, որ փլատակներում դեռ մարդիկ են մնացել, աշխատանքները շարունակվում են։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։