ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում քաղբանտարկյալներ չկան։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։
Փաշինյանը պատասխանել է Ռուսաստանի նախագահի այն դիտարկմանը, որ Հայաստանի ներքաղաքական գործընթացների որոշ մասնակիցներ գտնվում են անազատության մեջ՝ չնայած ռուսական անձնագրեր ունեն։
Փաշինյանը վստահեցրել է, որ Հայաստանում տիրում է ժողովրդավարական համակարգ, և շատերը նույնիսկ բողոքում են, որ երկրում չափազանց շատ ժողովրդավարություն կա։ Նա շեշտել է նաև Հայաստանում սոցիալական ցանցերի ազատությունը` հավելելով, որ երկրում որևէ սահմանափակում չկա։
Ինչ վերաբերում է ընտրություններին մասնակցելուն, Փաշինյանը նշել է, որ երկրում վարչապետ պետք է ընտրվի խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա, և որ այդ ընտրություններին կարող են մասնակցել միայն հայկական անձնագիր ունեցող քաղաքացիները։
«ՀՀ Սահմանադրության համաձայն՝ ռուսական անձնագրեր ունեցող անձինք չեն կարող առաջադրվել ԱԺ պատգամավորի կամ վարչապետի պաշտոնում», - հայտարարել է նա։
Փաշինյանը միաժամանակ վստահեցրել է, որ հայ-ռուսական հարաբերությունները դինամիկ կզարգանան ԱԺ ընտրություններից հետո։
«Ես վստահ եմ, որ առաջիկա ընտրություններից հետո Հայաստանում ժողովրդավարությունն ու ժողովրդի իշխանությունը կամրապնդվեն։ Եվ մեր հարաբերությունները նույնպես կշարունակեն դինամիկ զարգանալ ընտրություններից հետո», - նշել է նա։
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։
Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ Ընտրություններին մասնակցելու վերաբերյալ պաշտոնապես հայտարարել է նաև Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, ինչպես նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «Նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ընտրություններին կմասնակցեն միասին։