ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Իրանի ֆուտբոլիստները Կոստա Ռիկայի հետ ստուգողական խաղից առաջ հիշատակի միջոցառում են անցկացրել։ Նրանք խաղադաշտ են դուրս եկել ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից զոհված երեխաների լուսանկարներով։
Թուրքիայում կայացած խաղում Իրանի հավաքականը հաղթել է 5:0 հաշվով։
Խաղն անցկացվել է ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում կայանալիք աշխարհի առաջնության նախապատրաստման շրջանակում։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ խորհուրդ չի տալիս Իրանի հավաքականին ժամանել առաջնությանը՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել էր, որ Իրանի հավաքականը պետք է մասնակցի առաջնությանը, այդ թվում՝ ԱՄՆ–ում անցկացվող խաղերին։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը: