ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Ադրբեջանական գերությունից ազատ արձակված Վիգեն Էուլջեքչյանին այսօր վիրահատում են։ Այս մասին «Ինստագրամի» իր էջում հայտնել է Վիգենի կինը՝ Լինդա Էուլջեքչյանը։
Նշենք, որ Վիգեն Էուլջեքչյանի առողջական վիճակը վերջին շրջանում վատթարացել էր, մարտի 30-ին նրան սրտի կաթետերիզացիա են արել։
«Ես իսկապես հույս ունեմ, որ Վիգենը ապահով դուրս կգա վիրահատությունից: Երանի բոլորն աղոթեն նրա համար, նա արժանի է մեր բոլորի աջակցությանը և աղոթքներին»։
Էուլջեքչյանի առողջական վիճակը վերջին շրջանում վատթարացել էր։ Նա ունի զարկերակային բարձր ճնշում, սրտի հիվանդություն և ոսկրային ցավեր։
Հիշեցնենք` հունվարի 14–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 4 գերիների` Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքչյանին և Վագիֆ Խաչատրյանին:
Վիգեն Էուլջեքչյանը (ծնված 1979 թ.) առևանգվել ու գերեվարվել էր 2020 թ․ նոյեմբերի 10-ին Շուշի քաղաքի մոտակայքում՝ իր հետ ճամփորդող Մարալ Նաջարյանի հետ։ 2021 թ. Էուլջեքյանը 20 տարվա ազատազրկման էր դատապարտվել ահաբեկչության ու վարձկանության շինծու մեղադրանքներով։
Նշենք, որ նա Հայաստանի և Լիբանանի քաղաքացիություն ունի։