Դավիթ Մինասյանի փաստաբանները բողոք են ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան

18-ամյա տղային այս պահին կարողացել է տեսնել միայն փաստաբանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի գործով կալանավորված 18–ամյա Դավիթ Մինասյանի փաստաբանները բողոքարկել են նրան 2 ամսով կալանավորելու` առաջին ատյանի դատարանի որոշումը։ Sputnik Արմենիային այս մասին ասաց փաստաբան Վարդուհի Էլբակյանը։
«Բողոքարկումն արդեն մուտք է եղել վերաքննիչ դատարան։ Սակայն պարզ չէ, թե երբ կլինի պատասխան»,– ասաց նա։
Դավիթ Մինասյանի ծնողները միայն կարողացել են բժշկական փաստաթղթերը փոխանցել ՔԿ–ի աշխատակիցներին և բացատրել, թե ինչ սննդակարգով նա պետք է սնվի ինքնազգացողության վատացման դեպքում։
«Դավիթի հետ շատ խիստ սահմանափակված են տեսակցությունները` անգամ պատգամավորների հետ»,– նշեց Վարդուհի Էլբակյանը։
Փաստաբանը հայտնեց նաև, որ Դավիթին կարողացել է տեսնել միայն փաստաբան Արմեն Մելքոնյանը, որը փոխանցել է, որ տղայի ինքնազգացողությունը մի քիչ կարգավորվել է։
Հիշեցնենք` մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Այն պահին, երբ վարչապետը դուրս էր գալիս տաճարից, հավաքվածներից մեկը վրդովված դիմեց թիկնապահին. «Տենց չնայես ինձ»։ ՀՀ վարչապետը թիկնապահներին հրահանգեց հանգիստ մնալ ու չմիջամտել։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով 3 անձ ձերբակալվեց։ Նրանցից 2–ը երկվորյակ եղբայրներ են` Դավիթ և Միքայել Մինասյանները։
Մարտի 30–ին քննիչները խուզարկություն իրականացրին տղաների բնակարանում։ Մարտի 31–ին հայտնի դարձավ, որ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 տղաների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Երկվորյակ եղբայրներից մեկի` Միքայել Մինասյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ապրիլի 1–ին որոշեց 2 ամսով կալանավորել 18-ամյա Դավիթ Մինասյանին։