Ազատազրկված անձինք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն․ ԱՆ-ն արձագանքել է դիտորդներին

Ավելի վաղ դիտորդական խումբը հայտարարել էր, որ «Արմավիր» ՔԿՀ–ում բուժանձնակազմի անգործությունը կյանքեր է վտանգում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Ազատազրկված բոլոր անձինք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը՝ արձագանքելով ՀՀ ՔԿՀ-ներում դիտորդական առաքելություն իրականացնող խմբի հայտարարությանը։
Երեկ խումբը հայտարարություն էր տարածել «Արմավիր» ՔԿՀ կատարած այցից հետո՝ նշելով, որ հիմնարկում տեղի ունեցողը համակարգային ձախողում է, որտեղ մարդիկ փաստացի մնում են առանց բուժման։
«Համաձայն գործող ընթացակարգերի և գործելակարգերի՝ արտահիվանդանոցային պայմաններում՝ ընդունվելիս կատարվում է մարմնական զննություն, կիրառվում է հոգեկան առողջության գնահատման գործիքը, առաջնային բժշկական զննություն, ռապիդ թեստավորումներ, հետագայում ըստ դիմելիության, դիսպանսեր և դինամիկ հսկողության շրջանակներում, նաև իրականացվում են տարեկան կանխարգելիչ այցեր»,- նշեց Ծատրյանը։
Նրա խոսքով՝ հիվանդանոցային բուժումն իրականացվում է «Արմավիր» ստորաբաժանման ստացիոնար թերապևտիկ բաժանմունքում ավագ և միջին բուժանձնակազմի 24-ժամյա հսկողության տակ: Խոսնակը նշում է, որ ընդլայնվել է նաև դեղապահովման շրջանակը:
«Ընդունելի չէ ձևակերպում տալ, թե համակարգային ձախողում է, եթե փաստահեն տվյալներ չեք ներկայացնում։ Կցված նկարը գուցե կարող է լսարանի համար զգայական էֆեկտ տալ, բայց մասնագիտական առումով լուրջ հիմք չէ: Ի դեպ, քրեակատարողական հիմնարկի բժիշկներին ոտքի նման գանգատով ազատազրկված չի դիմել և որևէ դիմում չունենք: Եթե կան գանգատներ, թող դիմեն բուժմաս և մասնագիտական բուժօգնություն կստանան»,- հայտնեց Ծատրյանը։
Հիշեցնենք` դիտորդական խումբն այցի արդյունքներով հայտարարել էր, որ որոշ դեպքերում ազատազրկված մարդիկ կարող են ունենալ այնպիսի հիվանդություններ, որոնք առնվազն նախնական գնահատմամբ կարող լինել պատժի հետ անհամատեղելի, սակայն այս նպատակով անհապաղ բժշկական հետազոտություններ չեն կազմակերպվում։
Դիտորդների խումբը պահանջել էր ցուցաբերել անհապաղ բժշկական օգնություն բոլոր արձանագրված դեպքերով, քննարկել ազատազրկված անձանց պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ուսումնասիրության և անկախ բժշկական գնահատումների հետ կապված հարցերը, պատշաճ բժշկական վերահսկողության տակ պահել ինքնավնասում, ինքնասպանության փորձ կատարած, հացադուլ հայտարարած անձանց առողջական վիճակը։
Նշենք, որ օրեր առաջ Sputnik Արմենիան անդրադարձել էր «Արմավիր» ՔԿՀ-ում գտնվող Գեղամ Պետրոսյանին, որ հացադուլ է հայտարարել առողջական խնդիրների պատճառով։ Մեզ հետ զրույցում նրա քույրը մանրամասներ ներկայացրեց ազատազրկված անձի առողջական ծանր վիճակի, մի շարք հիվանդությունների, այդ թվում՝ սիրտ-անոթային, երիկամային անբավարարության, դեղորայքային սուր ալերգիայի մասին՝ նշելով, որ եղբայրը պատշաճ բուժօգնություն չի ստանում։ Ընտանիքը մտահոգ է, որ եղբոր վիճակը կարող է անդառնալի փուլի հասնել։