ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Փաստաբաններ Լուսինե Մարտիրոսյանն ու Վարդուհի Էլբակյանն այսօր առավոտից չէին կարողանում մուտք գործել Երևան քաղաքի քննչական բաժին, որտեղ առանց իրենց իմացության բերել են Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի գործով ձերբակալված եղբայրներին` Դավիթ և Միքայել Մինասյաններին։
Մարտի 29–ին հայտնել էինք, որ Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ է տեղի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Այն պահին, երբ վարչապետը դուրս էր գալիս տաճարից՝ անցնելով ծխականների շարքերով, նրանցից մեկը վրդովված դիմեց թիկնապահին՝ «Տենց չնայես ինձ»։ Հավաքվածներից մեկն էլ շարքի հետևից փորձեց հարվածել Փաշինյանի ուղղությամբ։ ՀՀ վարչապետը թիկնապահներին հրահանգեց հանգիստ մնալ ու չմիջամտել։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով 3 անձ ձերբակալվեց։ Նրանցից 2–ը երկվորյակ եղբայրներ են` Դավիթ և Միքայել Մինասյանները։
«Ֆիքսենք ժամը, որ տղաներին քննչական բաժին բերել են ժամը 11։43–ին ու ժամը 11։44–ից սկսած այն, ինչ կատարվի տղաների հետ, անօրինական է, քանի որ նրանք առանց փաստաբանների են ներսում»,– հայտարարեց Էլբակյանը։
Վարդուհի Էլբակյան
© Sputnik
Այսօր լրացել է Դավիթ և Միքայել Մինասյանների ձերբակալման 72 ժամը և պետք է արդեն որոշվեր` նրանց նկատմամբ մեղադրանք առաջադրվելո՞ւ է, թե՞ ոչ։
Քննչական բաժնի բակում ի աջակցություն տղաների` հավաքվել էին նաև նրանց համադասարանցիներն ու ծնողները։ Քննչական բաժնի մոտ է նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որը փաստաբանների հետ փորձեց հետնամուտքով մուտք գործել, սակայն դա նրան չհաջողվեց։
Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը Երևան քաղաքի քննչական վարչության դռան մոտ կանգնած որոշեց զանգահարել ՄԻՊ գրասենյակ` պահանջելով արագ արձագանքման խումբ ուղարկել, քանի որ տղաները քննչականի ներսում են` առանց փաստաբանների։
Լուսինե Մարտիրոսյան
© Sputnik
Կարճ ժամանակ անց Մարտիրոսյանը հայտարարեց, որ ՄԻՊ անմիջական միջամտությամբ ՀՀ քննչական կոմիտեն թույլատրել է փաստաբաններին մուտք գործել շենք։ Արդյունքում փաստաբանները կարողացան մտնել քննչական բաժնի շենք, որտեղ գտնվում են մեկ ժամից ավելի։
Հիշեցնենք, որ երեկ` մարտի 30–ին, քննիչները խուզարկություն են իրականացրել տղաների բնակարանում և առանց քննությանը հետաքրքրող որևէ բան գտնելու` հեռացել են։ Մարտի 31–ին հայտնի դարձավ, որ Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 տղաների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։