ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Կապան– Երևան – Կապան չվերթերը վերսկսվում են։ Այս մասին հայտնում է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Այսօրվանից վերսկսվում են Կապան– Երևան – Կապան թռիչքները՝ շաբաթը 5 օր հաճախականությամբ»,–գրել է նախարարը սոցցանցում։
Հիշեցնենք` Երևան-Կապան կանոնավոր հաղորդակցությունը գործարկվեց 2023 թվականի օգոստոսի 21-ին: Չվերթերն իրականացվում էին L-410 UVP E20 ինքնաթիռով, որը նախատեսված է 17 ուղևորի համար (տոմսի արժեքը` 20 հազար դրամ)։
2025 թվականի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Երևան-Կապան չվերթերը ժամանակավորապես դադարեցվում են միակ օդանավի տեխնիկական սպասարկման համար։
Լիցենզիայի կասեցման որոշումը կայացվել էր 2025 թվականի հոկտեմբերի 27-ին 6 ամիս ժամկետով՝ մինչև 2026 թվականի ապրիլի 27-ը, քանի որ միակ ինքնաթիռը տեխնիկական սպասարկման նպատակով ուղարկվել էր Չեխիա։
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից Sputnik Արմենիային հայտնել էին, որ ինքնաթիռը կկարողանա թռիչքները վերսկսել, երբ ավիաուղղությունը սպասարկող «Նովէյր» ընկերությունը վերականգնի շահագործողի վկայականը։