ՌԴ–ն Հայաստանի երկաթուղու կառավարումը Ղազախստանին հանձնելու հարցով բանակցություն չի վարում

Նիկիտինն ասել է, որ Ռուսաստանն այդ հարցով չի բանակցել Ղազախստանի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Ռուսաստանը Հայաստանի երկաթուղու կառավարման կոնցեսիան Ղազախստանին հանձնելու շուրջ բանակցություններ չի վարում: Միջազգային տրանսպորտային-լոգիստիկ համաժողովի նախաշեմին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում այս մասին ասել է ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը:
Ավելի վաղ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը, անդրադառնալով մարտի 23-ին տեղի ունեցած Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցին, նշել էր, թե իր տեղեկություններով՝ հիմա քննարկվում է հայկական երկաթուղին ղազախական ընկերությանը կոնցեսիոն կառավարման հանձնելու հարցը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 26-ին հայտնել էր, որ Երևանը դեմ չէ Հայաստանի երկաթուղին ղազախական կոնցեսիոն կառավարման հանձնելու տարբերակին, եթե այդ հարցում համաձայնություն ձեռք բերվի Ռուսաստանի հետ:

«Նախ մենք չենք ծրագրում որեւէ մեկին կոնցեսիա տալ, և երկրորդ՝ Հայաստանի մեր գործընկերները այդ հարցերը պաշտոնական մակարդակով չեն քննարկել մեզ հետ», - պատասխանել է Նիկիտինը։

Նա բացասական պատասխան է տվել այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը Ղազախստանի հետ բանակցել է այդ թեմայով։
«Իհարկե ոչ», - ասել է ՌԴ տրանսպորտի նախարարը։
Հիշեցնենք` հայկական երկաթուղին ՀԿԵ-ի կոնցեսիոն կառավարմանն է հանձնվել 30 տարով 2008 թվականի փետրվարին՝ ևս 10 տարի երկարաձգելու իրավունքով։ Փետրվարի 13-ին Փաշինյանը ՌԴ գործընկերներին առաջարկել էր Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը վաճառել Երևանի և Մոսկվայի բարեկամ երկրի։