Սիրիայի Մելքիթյան հունական կաթոլիկ եկեղեցին չեղարկել է Զատկի տոնակատարությունները: Այս մասին հայտնում է «Syria Justice Archive»-ը՝ վկայակոչելով պատրիարքարանի հայտարարությունը։
Որոշումն ընդունվել է Համա նահանգի Սկալբիա քաղաքում քրիստոնյաների ջարդերից հետո։
«Հաշվի առնելով ներկա անբարենպաստ հանգամանքները, այլ եկեղեցիների հետ համակարգմամբ և համաձայնությամբ մենք որոշեցինք, որ այս տարվա Զատկի տոնակատարությունը կսահմանափակվի միայն եկեղեցիների ներսում աղոթքներով», - ասվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ մարտի 28-ի գիշերը իսլամիստների խմբավորումները հարձակվել են Սկալբիա քաղաքի վրա, որտեղ հիմնականում քրիստոնյաներ են բնակվում։
Մերձավորարևելյան թեմատիկայով մասնագիտացված տելեգրամյան ալիքների տվյալներով՝ հարձակման առիթը Սկալբիայի քրիստոնյա բնակչուհու նկատմամբ մի քանի մահմեդականների ոտնձգություններն են, ընդ որում` հանցագործները հակահարված են ստացել տեղի տղամարդկանցից և ստիպված նահանջել, սակայն որոշ ժամանակ անց վերադարձել են ավելի մեծ խմբով և ջարդեր կազմակերպել քաղաքում։
Նրանք ավերել են քրիստոնյաներին պատկանող խանութները և տները, իսկ այսպես կոչված «անվտանգության ուժերը» չեն միջամտել իրավիճակին՝ աչք փակելով թալանի ու անկարգությունների վրա։
Իսլամիստների վայրագություններն ամբողջ երկրով մեկ առաջացրել են քրիստոնյաների վրդովմունքը։ Նույն գիշեր Սիրիայի քաղաքներով ցույցերի ու երթերի ալիք է բարձրացել՝ քրիստոնյա բնակչությանը հալածանքներից պաշտպանելու պահանջով։
Հիշեցնենք, որ անցյալ տարվա մարտին, կրկին Մեծ Պահքի ժամանակ, ահաբեկիչական խմբավորումները Սիրիայի ծովափերին ալավիների և քրիստոնյաների սպանդ էին կազմակերպել: Զոհվել, առևանգվել, գերեվարվել ու վիրավորվել էին հարյուրավոր մարդիկ։ Սիրիայի նոր իշխանություններն այն ժամանակ շտապեցին հայտարարել, որ տվյալ հանցագործությունները կատարած բանդիտները ոչ մի կապ չունեն կառավարական ուժերի հետ: