ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Երևանում սպանված 23-ամյա չեչեն Այշատ Բայմուրադովան, որը փախել էր ընտանեկան բռնությունից և ապաստան գտել Հայաստանում, հուղարկավորվել է։ Այս մասին հայտնում է «Вот Так» տելեգրամյան ալիքը։
Երևանում կատարված հուղարկավորությանը մասնակցել է մոտ 40 մարդ, այդ թվում` Այշատի ընկերները, նրա հարցով զբաղվող ակտիվիստները, լրագրողները և նրա ողբերգական պատմությանը հետևող մարդիկ։ Մարմինը հողին են հանձնել Երևանի գերեզմանատներից մեկի առանձին հատվածում, որտեղ թաղվում են ինքնությունը չպարզված մարդիկ` առանց շիրմաքարերի։
Նշենք, որ Բայմուրադովայի մարմինը մի քանի ամիս մնացել էր դիահերձարանում։ Ըստ Հայաստանի օրենսդրության՝ դին կարող էր հանձնվել միայն հարազատներին, որոնք էլ կարող էին նրան հուղարկավորել։ Սակայն կնոջ հարազատները հրաժարվել էին անգամ պատասխանել պաշտոնական հարցումներին։ Ի վերջո, ՀՀ իշխանություններն են վճարել հուղարկավորության համար և մարմինը հանձնել կնոջ մտերիմներին։
Հիշեցնենք` Չեչնիայում ծնված 23-ամյա Այշատ Բայմուրադովան փախել էր ընտանիքից և անհետ կորել Երևանում հոկտեմբերի 15-ին։ Մի քանի օր անց հայտնաբերվել էր նրա դին։ Նրա սպանության մեղադրանքով հետախուզում է հայտարարվել 2 անձի նկատմամբ։