ԵԱՏՄ առևտրին խանգարում են ներքին սահմաններում գործող «կեղծ մաքսատները». Ղրղզստանի վարչապետ

Միության երկրների միջև սահմանային վերահսկողությունը հաճախ կրկնում է մաքսային ընթացակարգերը, ինչը հակասում է ապրանքների ազատ տեղաշարժի վերաբերյալ ԵԱՏՄ-ի հիմնարար սկզբունքներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. ԵԱՏՄ-ում առևտրին խոչընդոտում է ներքին սահմանների վրա չափազանց մեծ վերահսկողությունը։ Ղազախստանի Շիմքենդ քաղաքում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ այս մասին հայտարարել է Ղրղզստանի վարչապետ Ադիլբեկ Կասիմալիևը։
«Սահմանների վրա վերահսկողության միջոցառումները հաճախ վերածվում են կեղծ մաքսային ընթացակարգերի և հաճախ համատարած բնույթ են դառնում, ինչը հակասում է ԵԱՏՄ–ի` ապրանքների ազատ տեղաշարժի մասին հիմնարար սկզբունքին», – հայտարարել է Կասիմալիևը։
Նրա խոսքով` անհրաժեշտ է ուժեղացնել աշխատանքը միության ներսում ենթակառուցվածքային սահմանափակումները վերացնելու հարցում, համաժամանակեցնել վերահսկող մարմինների աշխատանքը՝ թվային հարթակների միջոցով արագ փոխադրումներ ապահովելու համար։
«Թվային լուծումները թափանցիկություն կապահովեն և կարագացնեն լոգիստիկան։ Բացառիկ դեպքերում վերահսկողության միջոցառումները կարելի է իրականացնել նույնիսկ ոչ թե սահմանին, այլ ապրանքների մատակարարման կետում»,– նշել է Ղրղզստանի վարչապետը։
ԵԱՏՄ–ն կթարմացնի նորարարական արդյունաբերության զարգացման սկզբունքները. Միշուստին
Ներկայիս արտաքին տնտեսական անկայունության պայմաններում կարևոր է նաև կանխել կարևորագույն ապրանքների, այդ թվում՝ հանքային պարարտանյութերի համար պակասուրդի առաջացումն ու գնաճը: Նա ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում պետք է համալիր միջոցառումներ նախապատրաստել միության տնտեսության վրա արտաքին ցնցումները նվազագույնի հասցնելու համար:
Հիշեցնենք, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը անցկացվում է մարտի 26-27-ը։ Երեկ նեղ կազմով նիստ է կայացել՝ առանց դիտորդ պետությունների մասնակցության։