Ավարտվել է Սամվել Կարապետյանի ու ևս 2 անձի դեմ հարուցված քրեական վարույթի նախաքննությունը

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Ավարտվել է Սամվել Կարապետյանի ու վերջինիս պատկանող ընկերությունների գործունեությունը ղեկավարած Վ.Թ.-ի և Ա.Խ.-ի դեմ հարուցված քրեական վարույթի նախաքննությունը, հայտնում են Քննչական կոմիտեից։
««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը և նրան պատկանող ընկերությունների գործունեությունը ղեկավարած Վ.Թ.-ն և Ա.Խ.-ն մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով՝ 1 մլրդ 841 մլն 330 հզր 78 ՀՀ դրամ հարկեր վճարելուց խուսափելու, լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ խարդախությամբ 4 մլրդ 972 մլն 955 հզր 628 ՀՀ դրամ գույք հափշտակելու, առանձնապես խոշոր չափերով 1 մլրդ 558 մլն 249 հզր 680 ՀՀ դրամ և 438 մլն 81 հզր 491 ՀՀ դրամի փողերի լվացման համար։ Կարապետյանը նաև մեղադրվում է իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնել»,-նշված է հաղորդագրության մեջ:
Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը, Ա.Խ.-ի և Վ.Թ.-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը, գրավը և վարչական հսկողությունը:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հիշեցնենք` 2025–ի հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։
Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։
Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։
Դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն։