Երևանի Սիսակյան փողոցի թիվ 4 շենքից խոշոր քարաթափում է եղել։ Վթարային շենքի բնակիչներն օրեր առաջ հավաքվել են, դիմել մասնագետի ու իրենց միջոցներով սեյսմիկ խոցելիության վերաբերյալ փորձաքննություն իրականացրել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեցին բնակիչները։
Մարտի 20–ին փորձաքննությունը հաստատել է, որ շենքը 4–րդ կարգի վթարային է։ Հենց նույն օրը` երեկոյան անձրևի ժամանակ, շենքի կողային հատվածից խոշոր քարաթափում է եղել։
«Երեկոյան ժամը 5–ի կողմերն էր, եղանակը անձրևային էր, երբ քարաթափումը եղավ։ Լավ ենք պրծել, որ զոհ չեղավ, մարդ չտուժեց»,– ասաց բնակիչներից Սուսաննա Մարգարյանը։
1960 թվականին կառուցված, ճաքած ու խարխուլ պատերով այս շենքում ավելի քան 100 ընտանիք է ապրում, գրեթե բոլորն էլ մանկահասակ երեխաներ ունեն։
Բնակիչներն ասում են` ամեն անգամ շենքի մոտով վախվորած են անցնում։ Վստահեցնում են` առնվազն վերջին 10-15 տարին շենքը եղել է 4–րդ կարգի վթարային, սակայն թղթերով 3–րդ կարգի վթարային է համարվել, որպեսզի որոշ բնակիչներ կարողանան գազ ունենալ։ Չնայած առկա խնդիրներին` թաղապետարանը կամ քաղաքապետարանը բնակիչների բողոքներն անտեսել են և նրանց վերաբնակեցման ոչ մի առաջարկ չեն արել։
Գործող օրենսդրությամբ` համայնքն ու պետություն որևէ պարտավորություն չունեն բնակիչներին 4–րդ կարգի վթարային շենքից մեկ այլ շենք վերաբնակեցնելու համար, սակայն 2024 թվականից խնդիրը լուծվում է աջակցության ծրագրերով` մասնավորի հետ համագործակցությամբ։ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ հեռախոսազրույցում նշեց` խնդրի մասին գիտեն, հարցն առաջիկայում կդիտարկվի։
Մինչ պետությունը կփորձի խնդիրը աջակցման ծրագրերով լուծել, բնակիչներին մնում է հուսալ, որ այս ընթացքում երկրաշարժ չի լինի։