ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. «Արմավիր» ՔԿՀ-ում առողջական խնդիրների պատճառով հացադուլ հայտարարած կալանավորի համար կազմակերպվում է անհրաժեշտ բուժօգնություն, միաժամանակ, հաշվի առնելով նրա ալերգիկ վիճակը, տարբեր հետազոտություններից առաջ անցկացվում են համապատասխան բժշկական քննարկումներ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Մարիամ Ծատրյանը՝ ընդգծելով, որ շատ մանրամասներ չի կարող հայտնել՝ ելնելով բժշկական գաղտնիքից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Արմավիր» ՔԿՀ–ում պահվող անձանցից 3-ը մարտի 16-ից հացադուլ են հայտարարել։ Երկուսի հացադուլը պայմանավորված է իրենց առաջադրված մեղադրանքներով, մեկինը՝ առողջական խնդիրներով։
«Քաղաքացու առողջական խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է։ Այս ընթացքում երևանյան գրեթե բոլոր խոշոր բուժկենտրոնների համապատասխան բաժանմունքներում դիտարկվել են քաղաքացու բժշկական փաստաթղթերը, այդ թվում՝ նախարարի` տվյալ գծով խորհրդականն է ուսումնասիրել ընդհանուր վիճակը։ Վաղը նախատեսվում է կրկին անհրաժեշտ հետազոտություններ իրականացնել»,- նշեց Ծատրյանը։
Նրա խոսքով՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները մշտական կապի մեջ են կալանավորի հարազատների հետ, երեկ առողջապահության նախարարությունում ընդունելություն է կազմակերպվել նրա քրոջ հետ, ներկայացվել են եղբոր առողջական վիճակին վերաբերող մանրամասներ։