ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Sputnik Արմենիայի տեղեկություններով` Երևան-Կապան-Երևան ուղղությամբ թռիչքներ իրականացնող L-410 ինքնաթիռը տեխնիկական սպասարկումից հետո վերադարձել է Հայաստան։
Երևան–Կապան չվերթեր իրականացնող ինքնաթիռը տեխսպասարկումից հետո վերադարձել է Հայաստան
© Photo : flight radar 24
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ինքնաթիռը կկարողանա թռիչքները վերսկսել, երբ ավիաուղղությունը սպասարկող «Նովէյր» ընկերությունը վերականգնի շահագործողի վկայականը։
Լիցենզիայի կասեցման որոշումը կայացվել էր 2025 թվականի հոկտեմբերի 27-ին 6 ամիս ժամկետով՝ մինչև 2026 թվականի ապրիլի 27-ը, քանի որ միակ ինքնաթիռը տեխնիկական սպասարկման նպատակով ուղարկվել էր Չեխիա։
Հիշեցնենք` Երևան-Կապան կանոնավոր հաղորդակցությունը գործարկվեց 2023 թվականի օգոստոսի 21-ին: Չվերթերն իրականացվում էին L-410 UVP E20 ինքնաթիռով, որը նախատեսված է 17 ուղևորի համար (տոմսի արժեքը` 20 հազար դրամ)։
2025 թվականի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Երևան-Կապան չվերթերը ժամանակավորապես դադարեցվում են միակ օդանավի տեխնիկական սպասարկման համար։