ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Հանրային–քաղաքական գործիչներն ու 44–օրյա պատերազմի ժամանակ անհետ կորած զինծառայողների հարազատները հավաքվել են Ազգային ժողովի շենքի դիմաց և պահանջում են հրապարակել պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը։ Ակցիայի մասնակիցները նշում են, որ տարիներ շարունակ սպասում են պատասխանների, սակայն մինչ այժմ հստակ տեղեկություններ չեն ստացել պատերազմի պատճառների և պատասխանատուների վերաբերյալ։ Նրանց պահանջը մեկն է՝ հրապարակել ամբողջական զեկույցը և բացահայտել տեղի ունեցածը։
Հանրային գործիչ Գևորգ Գևորգյանն իր ելույթում նշեց, որ իշխանությունները երկար ժամանակ տարբեր տեղեկություններ չեն հրապարակել՝ դրանք ներկայացնելով որպես գաղտնի տվյալներ։
Գևորգ Գևորգյան
© Sputnik / Aram Nersesyan
«Այս իշխանությունը տարիներ շարունակ չեն հրապարակել այն ամենը, ինչ չեն ուզել, կոծկել են «հույժ գաղտնիության» անվան ներքո։ 4-5 տարի շարունակ ասում էին՝ այս հանձնաժողովը լույս է սփռելու ամեն ինչի վրա, լինելու են դատական ակտեր, ձերբակալություններ, բայց հետո հանկարծ բոլորը դրա մասին լռեցին։ Հասարակությունը պետք է իմանա՝ ովքեր են պատասխանատու պատերազմի համար, հատկապես այն պայմաններում, երբ երկիրը կանգնած է նոր ընտրությունների առաջ»,– ասաց Գևորգյանը։
Նրա խոսքով՝ հանրությունը պետք է տեղեկացված լինի, որպեսզի կարողանա գիտակցված որոշումներ կայացնել։
Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ շարունակելու են իրենց պահանջը, քանի դեռ չի հրապարակվել հանձնաժողովի ամբողջական զեկույցը և չեն հստակեցվել պատերազմի պատասխանատուները։
Հավաքվածները իրենց պահանջով նամակներ ստորագրեցին, որ փոխանցվեն ԱԺ խմբակցություններին։ Նրանք հավելեցին, որ ամեն օր՝ ժամը 15։00–ին, լինելու են խորհրդարանի դիմաց։
Հիշեցնենք` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 1-ին հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ժամկետի խախտման պատճառով չի ներառվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգում, բայց կքննարկվեն այն ներկայացնելու այլ ձևաչափեր։ Հոկտեմբերի 6-ին հայտնի դարձավ, որ զեկույցը չի հանրայնացվի. Ալեն Սիմոնյանը որոշել է այն ուղարկել խորհրդարանի առաջին բաժին, որտեղ պահվում են գաղտնի փաստաթղթերը: