Հայաստանն ու Թուրքիան բուհերի կրթաթոշակների հարց են քննարկում․ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարարը հիշեցրեց, որ Գյումրի-Կարս երկաթուղային գծի վերագործարկման շուրջ քննարկումները շարունակվում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում երկխոսությունը շարունակվում է, այժմ նաև քննարկվում է երկու երկրների բուհերի ուսանողների համար կրթաթոշակների հարցը։ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Քննարկվում են երկու երկրների բուհերում միմյանց ուսանողների համար կրթաթոշակներ սահմանելու հնարավորությունը»,- ասաց նա։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև հայտնեց, որ Գյումրի-Կարս երկաթուղային գծի վերագործարկման շուրջ ևս աշխատանքներն ու քննարկումները շարունակվում են։ Ստեղծված է համատեղ աշխատանքային խումբ, որի շրջանակում 2 հանդիպում է եղել, տեղում ենթակառուցվածքներն են ստուգվել։ Քննարկվում է նաև մշակութային ոլորտում համագործակցության հնարավորությունը, օրինակ` Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնումը։
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
2022 թվականի հուլիսին Վիեննայում համաձայնություն ձեռք բերվեց երրորդ երկրների քաղաքացիների համար բացել սահմանը և սկսել բեռների ուղիղ ավիափոխադրումներ, սակայն այդ պայմանավորվածությունները դեռ կյանքի չեն կոչվել։
2022 թվականի հունվարին Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։
2025 թվականի սեպտեմբերին Քըլըչը ժամանեց Հայաստան։ ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ կողմերը մտքեր են փոխանակել 2022 թ. հուլիսի 1-ի հանդիպման ընթացքում սահմանահատումների վերաբերյալ ձեռք բերված համաձայնության կյանքի կոչման շուրջ, հատուկ ներկայացուցիչները համաձայնել են արագացնել այս գործընթացը։