Վեհափառը մտադիր է մասնակցել Իլյա 2-րդի հուղարկավորությանը․ Մայր աթոռ

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վրացական կողմը պաշտոնական հրավեր է ուղարկել Ամենայն հայոց կաթողիկոսին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքարանից ստացել է պաշտոնական ծանուցում Իլյա Բ կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության և հարակից միջոցառումների արարողակարգի առնչությամբ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը։
«Վեհափառ հայրապետը մտադիր է այցելել Վրաստան, ներկա գտնվել հուղարկավորության արարողությանը, իր հարգանքի տուրքը մատուցել ի Տեր հանգուցյալ երանաշնորհ Պատրիարքին և իր վշտակցությունը բերել Վրաց ուղղափառ եկեղեցուն ու բարեկամ վրաց ժողովրդին»,- հայտնեց տեր Եսային։
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ վեհափառի պաշտպանական կողմն արդեն վեհափառի նկատմամբ կիրառված խափանման միջոց բացակայելու արգելքը վերացնելու վերաբերյալ միջնորդություն է ուղարկել Քննչական կոմիտե։ ՔԿ-ից հայտնեցին, որ միջնորդությունը կքննվի սահմանված ժամկետում։
Մարտի 20-ին հայտնի դարձավ, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին պաշտոնապես հրավիրել են մասնակցելու Համայն Վրաստանի կաթողիկոս–պատրիարք Իլյա 2-րդի հուղարկավորությանը։
Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Բ-ն կհուղարկավորվի Սիոնում (եկեղեցի Թբիլիսիում) կիրակի օրը՝ մարտի 22-ին։ Նա մահացել է հիվանդանոցում մարտի 17-ի երեկոյան։
Հիշեցնենք՝ փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ Վեհափառ Հայրապետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով։ Արգելվել է նրա ելքը Հայաստանից: