ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Գործարար, բարերար «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը դեռ սպասում է, որ Քննչական կոմիտեն տրամադրի Կարապետյանի` տեսաուղերձով հանդես գալու թույլտվությունը։ Այս մասին հայտարարել է Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։
Նշենք, որ մարտի 19–ին ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ Սամվել Կարապետյանը կարող է հանդես գալ ուղիղ եթերում, կարող է օգտվել իր ձեռքի տակ եղած հնարավորություններից, դրանում ոչ մի խոչընդոտ չկա։
«Դեռ սպասում ենք քննչականի որոշմանը Սամվել Կարապետյանի` տեսաուղերձով հանդես գալու թույլտվության վերաբերյալ, որի համար դիմել էինք հունվարին, փետրվարին, մարտին»,–նշել է Վարդևանյանը։
Նա ընդգծել է, որ արդեն փաստ է` Պրոբացիայի ծառայությունը չէր կարող տեսաուղերձով հանդես գալու վերաբերյալ Սամվել Կարապետյանին թույլտվություն տալ կամ չտալ, դա Քննչական կոմիտեի գործառույթն է, որը փաստում է նաև ՔԿ հայտարարությունը։
Ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում Վարդևանյանը նշել էր, որ Կարապետյանի տեսաուղերձով հանդես գալու հարցը այս տարվա մարտի 13–ի դատական նիստի ընթացքում է ներկայացրել, սակայն ո՛չ քննիչը, ո՛չ դատարանը տեսաուղերձի հրապարակման վերաբերյալ իրենց համաձայնությունը կամ թույլատրելիությունը չեն արձանագրել. դատարանը թույլտվություն տալու իրավասությունը թողել էր քննիչի վրա։
Դատական այս ակտը Վարդևանյանը առձեռն ստացել է մարտի 17–ին և արդեն իսկ մարտի 18–ին քննիչին ներկայացրել է միջնորդություն, որպեսզի նա թույլատրի Սամվել Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալ։
Հիշեցնենք` 2025–ի հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։
Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։
Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։
Դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն։