ԱԱԾ տնօրենը պնդում է, որ Եզրաս արքեպիսկոպոսը ԿԳԲ–ի գործակալ է եղել

ՀՀ վարչապետը ևս Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդին մեղադրել էր օտարերկրյա գործակալ լինելու մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը շարունակում է պնդել, որ Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը` Եզրաս արքեպիսկոպոսը Սովետական Միության ԿԳԲ–ի գործակալ է եղել։ Այդ մասին նա ասաց Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ:
«Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը Սովետական Միության ԿԳԲ-ի գործակալ է եղել, և այդ փաստը հայտնի է»,– պնդեց նա` խուսափելով այս թեմայով այլ հարցերի պատասխանելուց։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր 2025 թ. հոկտեմբերի 22–ին ԱԺ ամբիոնից Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ, Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին մեղադրել օտարերկրյա գործակալ լինելու մեջ։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով։ Արգելվել է նրա ելքը Հայաստանից: