Փաշինյանը բացատրեց, թե ինչ է նշանակում ՀՀ–ի դեմ հիբրիդային պատերազմ

Նիկոլ Փաշինյանի խոսքով` իր և իր ընտանիքի մասին կեղծ տեղեկություններ են տարածում վճարովի գործիքներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում բացատրեց, թե ինչ է հիբրիդային պատերազմը, սակայն այդպես էլ որևէ կոնկրետ երկրի անուն չնշեց։
Հիբրիդային պատերազմը, ըստ ՀՀ վարչապետի, իր և իր ընտանիքի անդամների մասին տարբեր վճարովի գործիքների միջոցով ապատեղեկատվություն տարածելն է։
«Երբ տարբեր միջոցների, այդ թվում՝ արհեստական բանականության կիրառմամբ գրվում է, թե ես Դուբայում կամ Ֆրանսիայում տուն ունեմ, որ իմ ընտանիքի անդամները տարբեր երկրներում բնակարաններ ու բիզնեսներ ունեն... Ասում են, թե Հայաստանում բիզնեսներ ու միլիոններ ունեն, թե մենք օրգաններ ենք վաճառում կամ անչափահասների սեռական շահագործման գործիքներ ենք կիրառում. այս ամենը հիբրիդային պատերազմ է»,- ասաց նա։
Հիշեցնենք` ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտնել էր, որ Հայաստանը դիմել է Եվրամիությանը «առաջիկա ընտրություններին արտաքին միջամտությանը» հակազդելու հարցում աջակցելու խնդրանքով: Ի պատասխան՝ ԵՄ-ն հայտարարել է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ 12 մլն եվրո հատկացնելու պատրաստակամության մասին։ Միջոցները նախատեսվում է ուղղել «օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների և միջամտության» դեմ պայքարին, ինչպես նաև կիբեռանվտանգության ամրապնդմանը:
Մարտի 16–ին Կալասը հայտնեց, որ Եվրամիությունն արագ արձագանքման խումբ կուղարկի Հայաստան՝ խորհրդարանական ընտրություններից առաջ հնարավոր սպառնալիքներին հակազդելու համար։ Նրա խոսքով՝ որոշումը կայացվել է հայկական կողմի խնդրանքով։
Ըստ ԶԼՄ–ների` Եվրամիության արագ արձագանքման խումբը Հայաստան կժամանի ապրիլի սկզբին, փորձագետների խումբը կազմված կլինի 9-14 հոգուց։