Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, խոսելով ԵՄ-ի կողմից Կիևի համար նախատեսված 90 մլրդ եվրոյի վարկի մասին, հայտարարել է, որ Բուդապեշտը Ուկրաինային կաջակցի միայն այն բանից հետո, երբ Կիևը դադարի արգելափակել «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի տարանցումը։
«Այստեղ Ուկրաինայի օգտին կայացված որևէ որոշման երբեք չեմ աջակցի։ Հունգարիայի դիրքորոշումը շատ պարզ է։ Մենք պատրաստ ենք աջակցել Ուկրաինային, երբ ստանանք մեր նավթը, որը նրանք արգելափակել են։ Մինչ այդ Ուկրաինայի համար բարենպաստ որևէ որոշում չի կայացվի։ Մենք հավատում ենք միայն փաստերին, մնացած ամեն ինչը պարզապես հեքիաթներ են», – ԵՄ գագաթնաժողովի շրջանակում ասել է նա լրագրողներին։
Ավելի վաղ եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել էր, որ ԵՄ առաջնորդները գագաթնաժողովի ժամանակ կքննարկեն, թե ինչպես ստիպեն Հունգարիային հաստատել Ուկրաինայի վարկը: «Politico»-ն էլ գրում է, որ ԵՄ-ն կարող է դատի տալ Օրբանին՝ Կիևին 90 մլրդ եվրո վարկ տրամադրելու վրա վետո դնելու համար: Նշվում է, որ ԵՄ-ն խուսափում էր երկրի ղեկավարության հետ մեծ բախումից, սակայն այդ զգուշավոր հաշվարկը կարող է փոխվել Հունգարիայում սպասվող ընտրություններից հետո, եթե Օրբանը վերանշանակվի:
Կիևը հունվարի 27-ից դադարեցրել է ռուսական նավթի տարանցումը «Դրուժբա» խողովակաշարով Ուկրաինայի տարածքով դեպի Սլովակիա և Հունգարիա՝ պատճառաբանելով, թե խողովակաշարը վնասվել է: Հունգարիան դադարեցրել է դիզելային վառելիք մատակարարել Ուկրաինա, ապա արգելափակել է Կիևին ԵՄ-ի կողմից 90 մլրդ եվրո վարկի տրամադրումն ու 20-րդ պատժամիջոցների փաթեթը: Սա արվել է ի պատասխան Կիևի ռեժիմի շանտաժի, որը քաղաքական պատճառներով չի վերսկսում ռուսական նավթի տարանցումը «Դրուժբա» խողովակաշարով: