ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին հրավիրել են մասնակցելու Համայն Վրաստանի կաթողիկոս–պատրիարք Իլյա 2-րդի հուղարկավորությանը։ Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին ասել է Ախալքալաքի, Կումուրդոյի և Կարիի միտրոպոլիտ Նիկոլոզ Պաչուաշվիլին։
Նրա խոսքով՝ Պատրիարքարանը հրավեր է ուղարկել աշխարհի բոլոր հոգևորականներին՝ մասնակցելու կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ի հուղարկավորությանը։
«Չեմ կարող ասել, թե ով կգա։ Մենք հրավեր ենք ուղարկել Առաջին Հիերարխիայի բոլոր հոգևորականներին։ Օրինակ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը ցանկանում է գալ։ Նրանք շատ մտերիմ հարաբերություններ ունեին, պատմական հարաբերություններ։ Բայց Հայաստանում շատ լուրջ անկարգություններ են, և կաթողիկոսին թույլ չեն տալիս լքել երկիրը։ Մենք հատուկ հրավեր ենք ուղարկել, և եթե նրան թույլ տան, կգա», —ասել է Պաչուաշվիլին։
Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Բ-ն կհուղարկավորվի Սիոնում կիրակի օրը՝ մարտի 22-ին։ Նա մահացել է հիվանդանոցում մարտի 17-ի երեկոյան։
Այսօր` ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում ասել էր, որ Հայաստանի Հանրապետությունը Համայն Վրաստանի կաթողիկոս–պատրիարք Իլյա 2-րդի հուղարկավորությանը կմասնակցի ամենաբարձր մակարդակով։ Լրագրողի հարցին, թե Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդը և՞ս ներկա կլինի հուղարկավորությանը, Փաշինյանն արձագանքել էր, որ ինքը «Կտրիճ Ներսիսյանին չի ճանաչում որպես Հայոց կաթողիկոս»։