ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը լրագրողներին հորդորում է չուռճացնել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 1 տարեկան երեխայի ընտանիքի դժբախտությունը և տպավորություն չստեղծել, թե նման խնդիրներ կան ամբողջ հանրապետությունում։ Նա այդ մասին հայտարարեց լրագրողների հետ ճեպազրույցում։
Նախարարն ընդգծեց, որ նման ընտանիքների վերահսկողությունն իրականացնում է յուրաքանչյուր համայնքում առկա Խնամակալության և հոգաբարձության մարմինը, նախարարությունը նման լիազորություն չունի
«Մենք նախարարության Միասնական սոցիալական ծառայության հետ համագործակցում ենք այդ համայնքային այդ մարմնի հետ և ունենք խորհրդակցական ձայնի իրավունք։ Մշտապես կապի մեջ ենք լինում, երբ կա մեր միջամտության, այդ թվում երեխաներին մեր ճգնաժամային կենտրոններ տեղափոխելու կարիք։ Բայց սա չի նշանակում, որ ես պատասխանատվությունը դնում եմ այլ մարմնի վրա։ Հնարավոր է` ընտանիքում լինի դեպք, որի մասին ոչ մեկը չիմանա` կախված երեխայի տարիքից, քանի որ այլ հաստատություն չի հաճախում։ Ես ամեն օր մի քանի նման դեպքով զբաղվում եմ, և պետք չէ այս դժբախտությունը ուռճացնել և տպավորություն չստեղծել, թե նման խնդիրներ առկա են ամբողջ հանրապետությունում»,– ասաց Թորոսյանը։
Նա հավելեց, որ հանրապետությունում, դժբախտաբար, կան նման դեպքեր, և նախարարության ճգնաժամային կենտրոններում դեռ կան հարյուրավոր երեխաներ։
Հիշեցնենք` մարտի 17-ին հայտնի դարձավ, որ «կլինիկական մահ» ախտորոշմամբ «Արաբկիր» ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան 2 ամսական տղա երեխա, որի սրտի աշխատանքը հնարավոր է եղել վերականգնել։ Փոքրիկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, նա վերակենդանացման բաժանմունքում է։ Նույն օրը դատախազությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ խորթ մայրը շուրջ 1,5 ամիս բռնության է ենթարկել երեխային։ 38-ամյա կինը մարտի 18-ին կալանավորվեց 2 ամսով։