Դաժան ծեծի ենթարկված 1 տարեկան փոքրիկն ունի գլխուղեղի ծանր ախտահարում․ Ավանեսյան

Բուժանձնակազմն անում է հնարավոր ամեն ինչ՝ փոքրիկի կյանքը փրկելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Դաժան ծեծի ենթարկված մեկամյա երեխայի առողջական վիճակը շարունակում է գնահատվել ծայրահեղ ծանր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Կլինիկական մահից և վերակենդանացման միջոցառումներից հետո պահպանվում է խորը կոմատոզ վիճակ՝ գլխուղեղի ծանր ախտահարմամբ»,- հայտնում է նախարարը։
Նա նշում է, որ բժշկական անձնակազմն անում է հնարավոր ամեն ինչ՝ փոքրիկի կյանքը փրկելու համար։
Հիշեցնենք` մարտի 17-ին հայտնի դարձավ, որ «կլինիկական մահ» ախտորոշմամբ «Արաբկիր» ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան 2 ամսական տղա երեխա, որի սրտի աշխատանքը հնարավոր է եղել վերականգնել։ Փոքրիկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, նա վերակենդանացման բաժանմունքում է։ Մարտի 18-ին դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց երեխայի 38-ամյա խորթ մայրը։