ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Խորթ մոր կողմից բռնության ենթարկված և «կլինիկական մահ» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված 1.2 տարեկան երեխայի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Ես ամեն օր երեխայի վիճակի մասին հետաքրքրվում եմ. ունենք դրական տեղաշարժ, և նա բժիշկների հսկողության տակ է։ Ուզում եմ իմ շնորհակալությունը և գնահատանքն արտահայտել ամբողջ բժշկական անձնակազմին, որոնք իրենց պրոֆեսիոնալ և ճշգրիտ աշխատանքի շնորհիվ փրկել են երեխայի կյանքը»,-ասաց նա:
Նախարարը 1.2 տարեկան երեխայի առողջական վիճակի մասին այլ մանրամասներ չհայտնեց։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում մեկ տարեկան տղա երեխայի սպանության փորձի կասկածանքով կա ձերբակալված անձ։ News.am-ի հետ զրույցում ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ասել էր, որ մեկ տարեկան երեխային կլինիկական մահվան հասցնելը ոչ թե պատահականության, այլ դիտավորության հետևանք է։
Հիշեցնենք, որ երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ երեխայի կենսաբանական մայրը Արարատի մարզի Մասիս համայնքի բնակիչ է և բացի փոքրիկից՝ ունի ևս երեք երեխա։ Նրանցից երկուսը հանձնված են խնամակալության Երևանում բնակվող խնամակալ ընտանիքի, մեկ երեխային պահում է տատիկը, իսկ փոքրիկը վերջին շրջանում հոր և խորթ մոր խնամքի տակ էր։ Երեխայի հայրը և խորթ մայրը բնակվում էին Երևանի Արաբկիր արչական շրջանում։