ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Հայկական բանկերն ու ՏՏ ընկերությունները սկսել են խորացնել համագործակցությունը։ Sputnik Արմենիային այս մասին ասաց Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը։
Նրա խոսքով՝ վերջերս բանկերի ղեկավարները սկսել են ավելի ակտիվ փոխգործակցել ՏՏ ոլորտի հետ։ Հաճախ արտասահմանյան գործընկերների հետ շփվելիս նրանք զարմանքով տեղեկանում են, որ իրենց օգտագործած ծրագրային լուծումները հայ մասնագետներն են մշակել։
Արդյունքում բանկերի և ՏՏ ընկերությունների ղեկավարները սկսել են ավելի հաճախ միջոլորտային հանդիպումներ անցկացնել։
«Նման հանդիպումներից մեկի ժամանակ բանկիրներից մեկը բողոքեց մի խնդրից և ասաց, որ ոչ մի տեղ չի կարողանում ծրագրային լուծում գտնել։ Տեսնեիք նրա աչքերը, երբ ՏՏ ոլորտի մեր մասնագետներից մեկը վեր կացավ և ասաց. «Մենք ունենք նման տեխնոլոգիա, և մոտ 100 եվրոպական և արաբական բանկեր օգտագործում են այն»,– պատմեց Կարապետյանը։
Հայաստանյան ՏՏ շուկայի վերաբերյալ վերջերս հրապարակված ուսումնասիրության համաձայն՝ տնտեսության այլ ոլորտների ընկերությունները նույնպես ակտիվորեն վարձում են ծրագրավորման և հարակից ոլորտների մասնագետների: Երկրի ՏՏ մասնագետների ընդհանուր թվում նման աշխատակիցներն ավելի քան 30% են կազմում (ավելի քան 18 հազար մարդ)։
Միևնույն ժամանակ 2025 թվականին նրանց թիվը նվազել է մոտ 2,800–ով, թեև ենթադրվում է, որ նրանց մի մասը ՏՏ ընկերություններ է տեղափոխվել։