Իրանում հրաժեշտ են տվել Հնդկական օվկիանոսում ԱՄՆ-ի խոցած IRIS Dena նավի նավաստիներին

Ավելի վաղ իրանական կողմը հայտարարել էր, որ ֆրեգատն արարողակարգային գործառույթներ էր իրականացնում և զինված չէր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի - Sputnik. Իրանում հրաժեշտ են տվել IRIS Dena նավի նավաստիներին, որը մարտի 4-ին Հնդկական օվկիանոսում խորտակել էր ԱՄՆ-ն։
IRIS Dena ֆրեգատը հարձակման էր ենթարկվել, երբ վերադառնում էր փետրվարին Հնդկաստանի Վիշակհապատնամ շրջանում անցկացված International Fleet Review 2026 ծովային զորավարժություններից։
Նավի անձնակազմը բաղկացած էր 130 հոգուց։ Նրանց ուղղությամբ հարված է հասցրել ԱՄՆ ռազմածովային ուժերի սուզանավը, ինչի հետևանքով նավը խորտակվել է Շրի Լանկայի ափերի մոտ։ Շրի Լանկայի ռազմածովային նավատորմի նավերը դեպքի վայրից փրկել են 32 վիրավոր իրանցի նավաստիների։ Ջրից դուրս է բերվել ավելի քան 80 մարմին։
«Դենա» ֆրեգատը (անվանվել է Իրանի խոշոր լեռներից մեկի պատվին) պատկանում էր «Moudge» տիպին՝ իրանական նավատորմի ամենաարդիական ֆրեգատների շարքին։ Չնայած չափսերով այն ավելի շուտ համապատասխանում էր խոշոր կորվետի (ընդամենը 1500 տոննա ջրատարողություն), պաշտոնապես համարվում էր ֆրեգատ։
Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: