ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրենին վերականգնելու հարց չկա։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը` անդրադառնալով թանգարան–ինստիտուտի արդեն նախկին տնօրեն Էդիտա Գզոյանին պաշտոնից ազատելու հարցին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Տեղեկություններ էին շրջանառվում, որ նա դա հարկադրաբար է արել։ Մեկ օր անց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ իր ցուցումով է Գզոյանը դիմում գրել, քանի որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի ժամանակ նրան Արցախի հիմնահարցի վերաբերյալ գիրք է նվիրել, մինչդեռ վարչապետը հայտարարել էր՝ ղարաբաղյան շարժումը չի շարունակվելու։ Փաշինյանի բնորոշմամբ՝ Գզոյանին արարքը սադրիչ գործողություն էր։
«Գզոյանին գնահատում եմ որպես գիտնական, գնահատում եմ նրա գործունեությունը և գտնում եմ, որ նա իր գիտական գործունեությունը շարունակելու բոլոր հնարավորություններն ունի, այդ թվում` թանգարան–ինստիուտում։ Այդ իմաստով կարծում եմ, որ մեր համագործակցությունն ամենևին սպառված չէ, սակայն կառավարումը կոնկրետ օղակ է, որը ենթադրում է կոնկրետ պատասխանատվություն, և կառավարչական ոլորտում առկա խնդիրները պետք է լուծվեն։ Ինձ համար հարցը սպառված է. եղել է իրավիճակ, որը չպետք է լիներ, և այդ իրավիճակն ունեցել է իր հանգուցալուծումը»,– հայտարարեց նախարարը։
Անդրեասյանի խոսքով` թանգարան–ինստիտուտի շուրջ 30 աշխատակիցների հետ երեկ հանդիպել է նախարարությունում, զրուցել նրանց հետ, ու շատ մանրամասն քննարկել են բոլոր հարցերը։
«Բոլոր հացրերը ստացել են իրենց պատասխանները։ Ես հարց եմ բարձրացրել կառավարման մասով, ու հանդիպման ժամանակ չի խոսվել Ցեղասպանության հուշարձանի վերանորոգման աշխատանքների մասին»,– վստահեցրեց նախարարը։
Ինչ վերաբերում է թանգարան–ինստիուտի «Արցախի» բաժինը փակելու մասին խոսակցություններին, ապա Անդրեասյանն ուղիղ չպատասխանեց, այլ ասաց հետևյալը. «Ես աշխատակիցներին ասել եմ, որ վերադառնան իրենց գիտահետազոտական աշխատանքին, իրենց գիտական, հետազոտական աշխատանքում որևէ բան չի փոխվում»։
Նախարարն ավելացրեց, որ թանգարան–ինստիտուտի ֆինանսավորումն ամեն տարի ավելացվել է պետության կողմից, և երբեք պետությունն այս չափի աջակցություն չի տրամադրել կառուցին, որքան վերջին տարիներին։
Հիշեցնենք` ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հայաստան էր ժամանել փետրվարի 9-ին, իսկ հաջորդ օրը՝ փետրվարի 10-ին, նա տիկնոջ հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էր այցելել, որտեղ նրանց ուղեկցել էր Էդիտա Գզոյանը։
Դրանից հետո X-ում Վենսի պաշտոնական էջում հրապարակվել էր գրառում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելության մասին, մի քանի ժամ անց հրապարակումը հեռացվել էր: