Հորմուզի նեղուցի փակումը հանգեցրել է պարարտանյութերի արտահանման շուրջ 50%-ի դադարեցման

Նեղուցի շրջափակման հետևանքով ազոտական պարարտանյութերի արտադրության եվրոպական հզորությունների մոտ կեսը կա՛մ կանգնեցվել են, կա՛մ աշխատում են նվազագույն ծանրաբեռնվածությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի - Sputnik. Հորմուզի նեղուցի փակումը հանգեցրել է պարարտանյութերի համաշխարհային արտահանման մոտ 50%-ի դադարեցման, ինչը կարող է մեծ վնաս հասցնել ցանքսի շրջանում և պարենային ճգնաժամ առաջացնել Եվրոպայում ու Ասիայում։ Այս մասին գրում է «Իզվեստիա» պարբերականը։
Մերձավոր Արևելքում հակամարտության սկսվելուց հետո ազոտական հավելումների գներն աճել են 30%-ով։ Ռուսաստանը, որին բաժին է ընկնում այս արտադրանքի համաշխարհային շուկայի շուրջ 20%-ը, կարող է ավելացնել արտահանման ծավալները։
Նավթի գինը 2026-ին կլին 75-85 դոլարի սահմաններում. ԵԱԶԲ կանխատեսումը
Սահմանափակումներն առաջին հերթին հարվածել են Հնդկաստանին։ Կատարից հեղուկ բնական գազի մատակարարումները, որն ազոտական հավելումների արտադրության հիմնական հումքն է, փաստացի դադարել են։ Արդյունքում միզանյութ (կարբամիդ) արտադրող բազմաթիվ ձեռնարկություններ կա՛մ ամբողջությամբ կասեցրել են աշխատանքը, կա՛մ զգալիորեն նվազեցրել են ծավալները։
Փորձագետները նշում են, որ Հնդկաստանն ազոտական պարարտանյութերի խիստ կարիք ունի. հունիսին սկսվող ցանքսի նախաշեմին ներքին արտադրությունը նկատելիորեն կրճատվում է։ Ուսումնասիրության մեջ նաև նշվում է, որ երկրի բնակչությունը 1,4 միլիարդ է, և գյուղատնտեսության կախվածությունը պարարտանյութերից ուղղակիորեն հարվածում է պարենային անվտանգությանը։ Գոյություն ունեն բրնձի, ցորենի և այլ հիմնական մշակաբույսերի բերքատվության անկման և, որպես հետևանք, սննդամթերքի թանկացման լուրջ ռիսկեր։
Ստեղծված պայմաններում շուկան բախվում է գների կտրուկ բարձրացման և անկայունության ուժեղացման վտանգին։ Ամենախոցելին ազոտական և ֆոսֆորական հավելումների ոլորտներն են։ Լոգիստիկ սահմանափակումներն ուղղակիորեն ազդում են միզանյութի(ազոտական խմբի գլխավոր արտադրանքի) մատակարարումների վրա, ինչպես նաև նվազեցնում են ամոնիակի և ծծմբի հասանելիությունը, որոնք ֆոսֆորական պարարտանյութերի արտադրական շղթայի հիմնային բաղադրիչներն են։
Խարկ կղզու վրա ԱՄՆ-ի հնարավոր հարձակումը լրջորեն կազդի նավթի գների վրա. ԻՀՊԿ
ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի դոցենտ Վալերի Անդրիանովի խոսքով՝ ազոտական պարարտանյութերի ինքնարժեքի 70–90%-ը կազմում է բնական գազի գինը։ Կատարից ՀԲԳ-ի մատակարարումների դադարեցման և գազի գնի աճի հետևանքով միզանյութն ու ամոնիակն արդեն թանկացել են 15–20%-ով։
Այս ֆոնին եվրոպական արտադրական հզորությունների մոտ կեսը կանգնած են կամ աշխատում են նվազագույն ուժով։ Մասնավորապես, նորվեգական Yara ընկերությունը հայտարարել է եվրոպական գործարաններում ամոնիակի արտադրության 60% կրճատման մասին, իսկ գերմանական BASF կոնցեռնը Լյուդվիգսհաֆենի հսկա քիմիական համալիրում ամբողջությամբ կանգնեցրել է ամոնիակի սինթեզի երկու կայանքներից մեկը։
Ռուս փորձագետների կարծիքով՝ ստեղծված իրավիճակում միակ արագ և իրատեսական տարբերակը Ռուսաստանից միզանյութի գնումների կտրուկ ավելացումն է՝ տարեկան 1–1,5 մլն տոննայով կամ երկու անգամ ավելի։ Դա միանգամայն հնարավոր է, քանի որ ռուսական մատակարարումները կախված չեն նեղուցից, պայմանագրերն արդեն գործում են, իսկ լոգիստիկան հուսալի է։
Հորմուզի նեղուցում լարվածությունը հարվածել է միջազգային առևտրային ուղիներին. Չինաստանի ԱԳՆ