ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Արցախի հետազոտման բաժինը շարունակում է գործել և չի փակվելու: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին թանգարան – ինստիտուտից։
Ավելի վաղ ԶԼՄ–ները գրել էին, որ Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտում իրավիճակը շարունակում է լարված մնալ տնօրենին աշխատանքից ազատելուց հետո։ թանգարանի աշխատակիցները շփոթված են և չեն պատկերացնում, թե ինչպես կարելի է շարունակել ստեղծված պայմաններում լիարժեք գիտական գործունեություն ծավալել: Նշվել էր նաև, որ լուրեր են տարածվում, թե Արցախի բաժինը ևս փակվելու է:
«Թանգարանի բոլոր բաժինները շարունակում են գիտական գործունեությունը ինչպես նախկինում։ Արցախի հետազոտության բաժինը եղել է, կա և չի փակվելու»,- հայտնեցին թանգարանից։
Ինչ վերաբերում է թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Էդիտա Գզոյանին, ապա նրան առաջարկվել է մնալ թանգարանում և զբաղեցնել գիտական գծով փոխտնօրենի պաշտոնը։
Հիշեցնենք` ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հայաստան էր ժամանել փետրվարի 9-ին, իսկ հաջորդ օրը՝ փետրվարի 10-ին, նա տիկնոջ հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էր այցելել, որտեղ նրանց ուղեկցել էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը։
Վենսի այցից օրեր անց Գզոյանն աշխատանքից ազատման դիմում գրեց։ Տեղեկություններ էին շրջանառվում, որ նա դա հարկադրաբար է արել։ Մեկ օր անց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ իր ցուցումով է Գզոյանը դիմում գրել, քանի որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի ժամանակ նրան Արցախի հիմնահարցի վերաբերյալ գիրք է նվիրել, մինչդեռ վարչապետը հայտարարել էր՝ ղարաբաղյան շարժումը չի շարունակվելու։ Փաշինյանի բնորոշմամբ՝ Գզոյանի արարքը սադրիչ գործողություն էր։