«Արմավիր» ՔԿՀ–ում մահացած կալանավորը 4 օր առաջ էր ազատազրկվել. ՔԿԾ

Քրեակատարողական հիմնարկում ազատազրկված անձանցից 3–ը հացադուլ են հայտարարել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. «Արմավիր» ՔԿՀ-ի կարանտինային խցում այսօր կախված հայտնաբերված տղամարդը 53 տարեկան էր: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քրեակատարողական ծառայության պետի մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտի 17-ին «Արմավիր» ՔԿՀ-ում կարանտինային խցում կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին, ՔԿՀ-ում բավականին լարված իրավիճակ է, քանի որ մի քանի կալանավոր ու դատապարտյալ էլ հացադուլ են հայտարարել։
«Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կարանտինային խցում հայտնաբերվել է մարտի 13-ին կալանավորված, 1973թ․ ծնված անձը՝ կախված վիճակում»,- նշեց Նավիկյանը:
Նա նաև անդրադարձավ հացադուլ հայտարարած անձանց։
««Արմավիր» քրեակատարողական հիմնարկում այս պահի դրությամբ հացադուլի մեջ է գտնվում 3 անձ, որոնք հացադուլ են հայտարարել մարտի 16-ից։ Նրանցից երկուսի հացադուլը պայմանավորված է իրենց առաջադրված մեղադրանքներով, իսկ մեկինը՝ առողջական խնդիրներով։ Վերոնշյալը որևէ առնչություն չունի արձանագրված մահվան դեպքի հետ»,– ասաց Նավիկյանը։
Նշենք, որ ArmLur.am-ի տեղեկություններով էլ ինքնասպան եղած կալանավորը Արմեն Գասպարյանն է։