ՍԴ–ն սահմանադրական է համարել «Տաշիր կապիտալին» ՀԷՑ–ի լիցենզիայից զրկելու որոշումը

Սահմանադրական դատարանի որոշման մեջ նշված է, որ մյուս մասերով գործի վարույթը կարճվել է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik․ ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակել է իր որոշումը, որով ամբողջությամբ մերժել է Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորների դիմումը։ Բարձր դատարանն անփոփոխ է թողել էներգետիկայի ոլորտը կարգավորող մի շարք առանցքային օրենսդրական դրույթներ։ Այսինքն` Սահմանադրական դատարանը ամբողջությամբ սահմանադրական է որակել «Տաշիր կապիտալ» ընկերությանը լիցենզիայից զրկելը։
Նշենք, որ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա ՍԴ–ն քննում էր «Էներգետիկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի «գ» կետի, 27-րդ հոդվածի 2.1-ին մասի, 52.1-ին հոդվածի 1-3-րդ մասերի և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 9-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը։ ՍԴ դիմել էին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները։
ՍԴ–ն որոշել է, որ բոլոր հոդվածները համապատասխանում են ՀՀ մայր օրենքին` Սահմանադրությանը։ Դատարանի որոշման մեջ նշված է, որ մյուս մասերով գործի վարույթը կարճվել է: Սահմանադրական դատարանի որոշումն ամբողջությամբ կհրապարակվի եռօրյա ժամկետում:
Նշենք, որ գործի քննությունն անցկացվել է գրավոր ընթացակարգով:
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։