Ինչպես կանցնի «Թրամփի ուղին» Մեղրիով, և քանի տարում կկառուցվի երկաթուղին

Մասնագետի խոսքով` քանի որ լինելու է միջազգային նշանակության երկաթուղի, պետք է համապատասխանի ժամանակակից չափանիշներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. TRIPP («Թրամփի ուղի») նախագծի շրջանակում երկաթուղին կարող է անցնել միայն խորհրդային ժամանակ գոյություն ունեցած երթուղով. տեղանքի ռելիեֆի պատճառով մյուս տարբերակները չափազանց բարդ են: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Մեղրիի երկաթուղային կայարանի պետի նախկին տեղակալ Արմեն Դավթյանը։
Նրա խոսքով՝ Արաքս գետի երկայնքով երկաթուղային հատվածն անցնում է լեռնային տեղանքով՝ ժայռերով և բարդ լանդշաֆտով, ուստի այլընտրանքային երթուղիներ գրեթե չկան:
«Այսօր նախատեսում են վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը, սակայն այլընտրանքի բացակայության պատճառով դա, ամենայն հավանականությամբ, կիրականացվի նախկին երթուղով», - ասաց Դավթյանը:
Նա պարզաբանեց, որ ի տարբերություն ավտոմոբիլային ճանապարհի, որը կարելի է կառուցել այլ ուղղություններով, օրինակ՝ Գորիսով, լեռներում նոր երկաթգիծ կառուցելը զգալի ծախսեր կպահանջի։

Ինչ վիճակում է հիմա տեղամասը

Նախկին երկաթուղու տարածքն այսօր օգտագործվում է տարբեր նպատակներով։ Օրինակ` Նռնաձոր գյուղ տանող ճանապարհն անցնում է հին երկաթգծով։
Բացի այդ, այդ տարածքով անցնող ոռոգման խողովակաշարով Մեղրի գետից ջուրը հոսում է Արաքսաշեն, Ալվանք, Շվանիձոր և Նռնաձոր գյուղերի գյուղատնտեսական հողեր:

«Խողովակաշարի ամբողջ համակարգն անցնում է այդ երկաթգծի տարածքով։ Այս հարցը նույնպես պետք է լուծվի։ Ոչ ոք խողովակաշարի վրա երկաթուղի չի կառուցի, դա շատ վտանգավոր է: Ցանկացած պահի կարող է վթար լինել», - ասաց նա։

Եթե նախագիծն իրականացվի, խողովակաշարը պետք է տեղափոխվի։ Բացի այդ, տարածքի մի մասն այսօր օգտագործվում է սահմանապահ ծառայությունների կողմից, տեղադրված են արգելապատնեշներ և փշալարեր։
Հին երկաթուղու ենթակառուցվածքի մի մասը զգալիորեն մաշված է. խոսքը ժամանակակից պահանջներին չհամապատասխանող շինությունների, կոմունիկացիաների, կամուրջների ու թունելների մասին է:
«Այդ ամենը պետք է ամբողջությամբ վերակառուցվի` ռելսերի հիմքը, համապատասխան թեքությունները, պետք է գեոդեզիական աշխատանքներ իրականացվեն», - նշեց Դավթյանը։
Քանի որ դա լինելու է միջազգային նշանակության երկաթուղի, ուրեմն պետք է համապատասխանի ժամանակակից չափանիշներին՝ գնացքների երթևեկության արագությանը, երթևեկության ինտենսիվությանը, ծանրաբեռնվածությանը և անվտանգության պահանջներին: Փորձագետի գնահատմամբ՝ ինտենսիվ աշխատանքի դեպքում շինարարությունը կարող է տևել մոտ երեք տարի։

Ծրագրի տնտեսական նշանակությունը

Դավթյանի կարծիքով՝ երկաթուղու վերականգնումը կարևոր է ոչ միայն Մեղրու տարածաշրջանի, այլև ամբողջ Հայաստանի համար: Այսօր, օրինակ, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը ստիպված է իր արտադրանքը բեռնատարներով տեղափոխել մինչև Երասխ կայարան, ինչը զգալիորեն մեծացնում է ծախսերը, մինչդեռ մեկ երկաթուղային վագոնը կարող է միանգամից 4 բեռնատարի բեռ տեղափոխել, և երկաթուղային տրանսպորտի արժեքն ավելի ցածր է:
Երկաթուղու բացակայության պատճառով այժմ չեն աշխատում տարածաշրջանի որոշ ձեռնարկություններ, այդ թվում՝ մանրախճի վերամշակման և գինու գործարանները: Նա հիշեցրեց, որ խորհրդային տարիներին Մեղրիի արտադրանքը՝ գինի, պահածոներ և շինանյութեր, մատակարարվում էր ԽՍՀՄ–ի ամբողջ տարածքում՝ ընդհուպ մինչև Վլադիվոստոկ: Ընդհանուր առմամբ, նրա կարծիքով, երկաթուղու վերականգնումը կարող է լուրջ խթան հանդիսանալ տարածաշրջանի տնտեսության համար:
«Թրամփի ուղու» դեպքում մաքսային ծառայությունը գործելու է ԵԱՏՄ կանոնակարգերով. ՊԵԿ նախագահ