ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Հարավային Կովկասի երկրների ներկայիս վերաբերմունքը Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամին կարելի է զգալիորեն հավասարակշռված համարել. այն հաշվի է առնում ընթացիկ հանգամանքները: Այս մասին հայտարարել է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը Մոսկվայում՝ «Ռոսիա Սեգոդնյա» ՄՏԳ-ի հարթակում անցկացված կլոր սեղանի ժամանակ:
Նրա խոսքով՝ Հայաստանի կողմից Իրանը միշտ ընկալվել է որպես յուրօրինակ հավասարակշռող օղակ: Ռուսաստանյան հավասարակշռող գործոնը զգալիորեն թուլացել է 2020-2023 թվականների իրադարձություններից հետո, և այս ֆոնին Իրանն ընկալվում էր որպես երկիր, որը որոշակիորեն կարող է չեզոքացնել Հայաստանին սպառնացող վտանգները: Մարկեդոնովը հիշեցրել է, որ Թեհրանը բավականին ակտիվ հանդես էր գալիս այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» դեմ, դեմ էր ադրբեջանական զորքերի առաջխաղացմանը Հայաստանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում։
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա Նախիջևանում ԱԹՍ-ների ընկնելուց հետո շատերը սկսեցին կանխատեսել պատերազմ, նոր հակաիրանական ճակատի բացում և գրեթե Ադրբեջանի հարձակում՝ ընդհուպ մինչև Արդեբիլ և Զենջան: Սակայն պետք է տարանջատել հռետորաբանությունը և գործնական քայլերը:
Իլհամ Ալիևը շատ հարցերում կերպար ստեղծող է և դրա պատանդը: Կարելի է հիշել «էմոցիաների ճգնաժամը» ռուս-ադրբեջանական հարաբերություններում՝ կապված խոցված ադրբեջանական ինքնաթիռի հետ: Այս ամենն այն բանի հետևանքն է, որ Լեռնային Ղարաբաղում հաղթանակից հետո Ադրբեջանը փորձում է դուրս գալ տարածաշրջանի շրջանակներից: Այն ակտիվորեն զարգացնում է ռազմավարական համագործակցությունը Թուրքիայի հետ, մասնակցում է Սիրիայի վերականգնմանը, իրեն առաջարկում է որպես միջնորդ սիրիա-իսրայելական հարաբերությունների կարգավորման համար և այլն:
«Ալիևի համար կարևոր է ցույց տալ, որ չի թուլացել: Նա հասկանում է, որ «ղարաբաղյան» հայրենասիրական իներցիան աստիճանաբար մարում է: Բայց Բաքուն առնվազն մինչ օրս մեծ ցանկություն չի ցուցաբերել խաղալու որևէ մեկի օգտին: Հնարավոր է՝ Իրանի կոլապսի դեպքում Ադրբեջանը կփորձի ինչ-որ բան ստանալ, բայց որ ինքն անձամբ ներդրում ունենա դրանում և վճարի այսպես կոչված «արյան հարկը»՝ քիչ հավանական է», - հավելել է Մարկեդոնովը:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: