ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. 2026 թվականին ՀՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2021 թվականին Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններով, որոնք ուժի մեջ են մտել այս տարվա փետրվարի 7-ին։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։
«Կուսակցությունների պարագայում ընտրական գրավի չափը 10 միլիոնից իջեցվել է 7.5 միլիոնի, իսկ դաշինքների պարագայում սահմանվել է 15 միլիոն դրամ։ Սա ժամանակին արվել է այն միտումով, որ օրենսդրությունը նպաստի քաղաքական ուժերի խոշորացմանը։ Որքանով արդյունավետ կլինի՝ ցույց կտա ժամանակը»,- ասաց նա։
ԿՀԸ նախագահը հիշեցրեց, որ փոխվել է նաև խորհրդարան անցնելու շեմը։ Նրա խոսքով՝ նոր կարգավորումներով դաշինքների համար անցողիկ շեմը 8-10% է. եթե դաշինքը կազմված է մինչև 3 կուսակցությունից, ապա շեմը 8% է, իսկ եթե 4 և ավելի՝ 10%։ Կուսակցությունների համար անցողիկ շեմը սահմանվել է 4%:
«Նախկինում օրենքն արգելում էր 3-ից ավել քաղաքական ուժերով կոալիցիաների կազմավորումը (կառավարության ձևավորման համար. խմբ.), իսկ հիմա այս արգելքը հանվել է։ Առաջին՝ 9-օրյա ժամկետում կոալիցիա կազմելու իրավունքը տրվում է առավելագույն ձայներ ստացած քաղաքական ուժին։ Եթե չի հաջողվում կոալիցիա կազմել, դրանից հետո ժամանակ է տրվում մնացած քաղաքական ուժերին՝ ձևավորելու կոալիցիա։ Միջազգային տերմինով ասած՝ սա «փոքրամասնության կառավարության» ձևավորումն է, ինչի օրինակը Գյումրիում էր, երբ առավելագույն ձայներ ստացած ուժը չմտավ կոալիցիայի մեջ»,- նշեց Հովակիմյանը։
Խոսելով լրացուցիչ մանդատների մասին՝ նա նշեց, որ բոնուսների շեմը 54 տոկոսից իջեցվել է 52-ի։
«Այս լրացուցիչ մանդատները կարող են տրվել բացառապես այն քաղաքական ուժին, որը կունենա մանդատների մեծամասնություն։ Այսինքն՝ եթե որևէ քաղաքական ուժ չունենա մանդատների մեծամասնություն, լրացուցիչ մանդատների մասին խոսք լինել չի կարող»,- հստակեցրեց Հովակիմյանը։
Ինչ վերաբերում է ընտրացուցակներում ընտրողների քանակի նվազմանը, ԿԸՀ նախագահը պարզաբանեց, որ անձը կարող է լինել բնակչության պետական ռեգիստրում, սակայն չունենալ անձը հաստատող գործող փաստաթուղթ։
«2022 թվականին ուժի մեջ մտած փոփոխություններով՝ անձը ներառվում է ընտրական ցուցակում, եթե անձը հաստատող փաստաթուղթն ուժի մեջ է։ Իսկ եթե անձը 10 տարուց ավելի կապ չունի Հայաստանի հետ, և անձնագիրն այլևս վավեր չէ, նա չի կարող ընդգրկվել ընտրական ցուցակում»,- նշեց Հովակիմյանը։
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։
Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ Ընտրություններին մասնակցելու վերաբերյալ պաշտոնապես հայտարարել է նաև Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, ինչպես նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ընտրություններին կմասնակցեն միասին։