ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչներին հրավիրել է Հայաստան` որպես դիտորդ հետևելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին ասվում է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ և ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին ուղղված նամակում։
«ՀՀ իշխանությունները հանձնառու են ընտրություններն անցկացնել ժողովրդավարական նորմերին և չափանիշներին համապատասխան՝ ազատության, արդարության և թափանցիկության սկզբունքների ոգով», – ասվում է նամակում։
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։
Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ Ընտրություններին մասնակցելու վերաբերյալ պաշտոնապես հայտարարել է նաև Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, ինչպես նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ընտրություններին կմասնակցեն միասին։