Իրանում զոհվածների շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան. ԱԳՆ

ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունն ամեն օր ստանում է շուրջ 20-25 զանգ, որոնք հիմնականում վերաբերում են Հայաստան-Իրան սահմանը հատելու հնարավորությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Իրանում զարգացումների հետևանքով զոհվածների շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան, հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը ու հավելում, որ մարտի 9-ին Իրանից Հայաստան է վերադարձել ՀՀ քաղաքացիություն ունեցող երկրորդ անձը:
Նշվում է, որ դեսպանատունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով:
«ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունն ամեն օր միջինում ստանում է շուրջ 20-25 զանգ, որոնք հիմնականում վերաբերում են Հայաստան-Իրան սահմանը հատելու հնարավորությանը։ Իրանից Հայաստան և Հայաստանից Իրան սահմանային անցումներն իրականացվել են բնականոն ռեժիմով»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ընդգծվում է, որ կապի սահմանափակումների պատճառով Իրանում Հայաստանի դեսպանությունը շարունակաբար օժանդակում է այնտեղ գտնվող հայերին վերաբերող տեղեկությունների փոխանցմանը նրանց հարազատներին։
Դեսպանությանն են շարունակում դիմել նաև օտարերկրյա քաղաքացիներ՝ Հայաստանի Հանրապետություն մուտքի հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով։ Նրանց տրամադրվում են համապատասխան պարզաբանումներ և անհրաժեշտ ուղղորդումներ։
Դեսպանությունը շարունակում է անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել Իրանում հավատարմագրված մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների դիվանագետներին և վերջիններիս ընտանիքների անդամներին՝ նրանց Հայաստանի տարածքով վերադարձը դյուրացնելու գործում։
Մարտի 6–ին հայտնել էինք, որ Իրանի դեմ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր այդ երկրում ՀՀ դեսպանությանը դիմել են Հայաստանի քաղաքացիություն ունեցող երկու քաղաքացիներ։ Նրանցից մեկն առանց խոչընդոտների վերադարձել էր Հայաստան, երկրորդ քաղաքացու վերադարձի կազմակերպման գործընթաց էր սկսվել։
Հիշեցնենք, որ ի պատասխան ամերիկա-իսրայելական հարձակման՝ Իրանը հարվածներ է հասցնում Պարսից ծոցի երկրներում տեղակայված ռազմական օբյեկտների ուղղությամբ։
Վնասվել են Դուբայի օդանավակայանը, որն օրական շուրջ 1000 չվերթ է սպասարկում, ինչպես նաև Աբու Դաբիի օդանավակայանը։ Չեղարկվել են հազարավոր չվերթեր, այդ թվում` Դուբայից, Աբու Դաբիից, Շարժայից, Դոհայից և այլ Մերձավոր Արևելքի տարբեր քաղաքներից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ։
Մերձավոր Արևելք թռչող մի քանի ավիաընկերություն չեղարկել են Հայաստանից մարտ ամսվա թռիչքները
Ստեղծված իրավիճակի և տարանցիկ չվերթերի չեղարկման հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանում Հայաստան վերադառնալ նաև ասիական մի շարք երկրներից, այդ թվում՝ Թաիլանդից, Վիետնամից, Մալդիվներից և այլն։