Անչափահասների կողմից կատարված հանցագործություններն աճել են․ ՔԿ–ն տվյալներ է հայտնել

Հիմնականում քննվել են սպանության, թմրամիջոցների շրջանառության, առողջությանը ծանր վնաս հասցնելու և այլ վարույթներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի - Sputnik. Անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ 2025 թվականին քննվել է 464 քրեական վարույթ, ինչը 20-ով ավելի է 2024 թվականի համեմատ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ընդհանուր գործերի թվում 158 քրեական վարույթ փոխանցվել էր 2024 թվականից։
ՀՀ ՔԿ-ի 2025 թվականի վերաբերյալ ներկայացրած տվյալներից պարզ է դառնում, որ հանցագործությունների թվի աճ է նկատվում 2024 թվականի համեմատ։
«Նախորդ տարվա 464 քրեական վարույթից 80-ը՝ 92 անչափահասի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2024-ին՝ 60 քրեական վարույթ՝ 78 անձի վերաբերյալ)։ 1 անչափահասի նկատմամբ հարուցված քրեական վարույթն ավարտվել է եզրափակիչ ակտով և ուղարկվել դատարան, 177-ը կարճվել է (2024-ին՝ 163), որից 119-ը` ռեաբիլիտացնող (2024-ին՝ 67), իսկ 58-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով (2024-ին՝ 96)։ 2025 թվականին 5 քրեական վարույթ ուղարկվել է այլ մարմին (2024-ին՝ 4), 35-ը` միացվել է (2024-ին՝ 27), 30-ը՝ հաշվառվել որպես վարութային և ապացուցողական գործողությունները կատարված (2024-ին՝ 45)»,- ասված է հաղորդագրությունում։
Ընդհանուր առմամբ 136 քրեական վարույթ նախորդ տարվանից փոխանցվել է 2026 թվական:
Դատարան ուղարկված գործերը վերաբերում են տարբեր ծանրության հանցագործությունների․
5 սպանություն
1 սպանության նախապատրաստություն
2 սպանության փորձ
11 առողջությանը ծանր վնաս պատճառել
4 սեռական ազատության դեմ ուղղված հանցանք
7 կողոպուտ
1 գողություն
2 շորթում
7 խուլիգանություն
12 զենքի, զինամթերքի օրինական շրջանառություն
6 թմրամիջոցների օրինական շրջանառություն
20 այլ հանցագործություններ։
Անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ քննվող քրեական վարույթներով 2025 թվականի ընթացքում 62 միջնորդագիր է ներկայացվել։
Դպրոցներում անչափահասների մասնակցությամբ մտահոգիչ դեպքերի թիվը 1 տարում կրկնապատկվել է