Էրդողանը հեռախոսային դիվանագիտություն է վարում ԱՄՆ–Իրան բանակցությունները վերսկսելու համար

Թուրքիայի նախագահն ակտիվ հեռախոսազրույցներ է անցկացնում մի շարք համաշխարհային առաջնորդների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համաշխարհային առաջնորդների հետ հեռախոսային դիվանագիտություն է վարում ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները վերսկսելու համար։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել են Թուրքիայի առաջնորդի վարչակազմից։
«Նախագահը ակտիվ հեռախոսազրույցներ է անցկացնում մի շարք առաջնորդների հետ՝ քննարկելով ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցային գործընթացը վերսկսելու հնարավորությունները», – ասել է գործակալության զրուցակիցը։
Հիշեցնենք` փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսեցին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող թիրախներին, այդ թվում՝ Թեհրանին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 9-ին հայտարարեց, որ Իրանի դեմ ռազմական գործողությունը դադարեցնելու որոշումը ԱՄՆ–ն կկայացնի Իսրայելի հետ համատեղ։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին։