Աբու Դաբիից և Դուբայից 54 ՀՀ քաղաքացի է այսօր տեղափոխվել Օման. ԱԳՆ

ԱՄԷ–ից Օման ՀՀ քաղաքացիներին բերող ավտոբուսը
Մասկատ-Երևան թռիչքը նախատեսված է այսօր ուշ երեկոյան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Մարտի 8-ին Աբու Դաբիում ՀՀ դեսպանության և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվել և իրականացվել է 54 ՀՀ (համապատասխանաբար՝ 15 և 39) քաղաքացու անվճար տեղափոխումն Օման: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«ԱՄԷ-Օման սահմանին ՀՀ քաղաքացիներին դիմավորել է Օմանում ՀՀ դեսպանության դիվանագետը՝ ապահովելով սահմանի անցման դյուրացում և տեղափոխում Մասկատի օդանավակայան: Մասկատ-Երևան թռիչքը նախատեսված է այսօր ուշ երեկոյան»,–նշված է հաղորդագրության մեջ։
ԱԳՆ–ից նաև հայտնում են, որ այսօր առավոտվա դրությամբ՝ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության կողմից տեղադրված՝ ԱՄԷ-ում մնացած ՀՀ քաղաքացիների հայտարարության ցանկում գրանցված է 95 քաղաքացի։
Մարտի 7-ի առավոտվա տվյալներով՝ Աբու Դաբիում ՀՀ դեսպանության կողմից տեղադրված հայտարարության ցանկում (ԱՄԷ-ում մնացած ՀՀ քաղաքացիների) գրանցվել է 183 քաղաքացի։
Հիշեցնենք, որ ի պատասխան ամերիկա-իսրայելական հարձակման՝ Իրանը հարվածներ է հասցնում Պարսից ծոցի երկրներում տեղակայված ռազմական օբյեկտների ուղղությամբ։
Վնասվել են Դուբայի օդանավակայանը, որն օրական շուրջ 1000 չվերթ է սպասարկում, ինչպես նաև Աբու Դաբիի օդանավակայանը։ Չեղարկվել են հազարավոր չվերթեր, այդ թվում` Դուբայից, Աբու Դաբիից, Շարժայից, Դոհայից և այլ Մերձավոր Արևելքի տարբեր քաղաքներից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ։
Մերձավոր Արևելք թռչող մի քանի ավիաընկերություն չեղարկել են Հայաստանից մարտ ամսվա թռիչքները
Ստեղծված իրավիճակի և տարանցիկ չվերթերի չեղարկման հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանում Հայաստան վերադառնալ նաև ասիական մի շարք երկրներից, այդ թվում՝ Թաիլանդից, Վիետնամից, Մալդիվներից և այլն։
Իսրայելը մեկնող չվերթերի համար մասնակի բացել է օդային տարածքը