ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik․ Flydubai ավիաընկերության Դուբայ–Երևան չվերթի ինքնաթիռն արդեն օդ է բարձրացել։ Տեղեկությունը պարզ է դառնում Դուբայի միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Դուբայի օդանավակայանները ժամանակավորապես փակ են մոտակայքում ԱԹՍ-ի ընկնելու հետևանքով։ Երկու անգամ հետաձգվել էր Դուբայ-Երևան չվերթը, որը նախատեսված էր 06։55–ին։
«Զվարթնոց» օդանավակայանի առցանց չվացուցակի համաձայն՝ օդանավը Երևանում վայրէջք կկատարի 21։35-ին, քանի որ բարդ իրավիճակի և փակ օդային տարածքների պատճառով հիմա Դուբայ–Երևան թռիչքը տևում է մոտ 6 ժամ՝ նախկին 3-ի փոխարեն։
Հիշեցնենք, որ ի պատասխան ամերիկա-իսրայելական հարձակման՝ Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի երկրներում տեղակայված օբյեկտների ուղղությամբ։ Վնասվել են Դուբայի օդանավակայանը, որն օրական շուրջ 1000 չվերթ է սպասարկում, ինչպես նաև Աբու Դաբիի օդանավակայանը։ Չեղարկվել են հազարավոր չվերթեր, այդ թվում` Դուբայից, Աբու Դաբիից և Շարժայից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ։