Քանի՞ բեռնատար է վերջին 2 օրում սպասարկվել «Ագարակ» անցակետում․ մանրամասնում են ՊԵԿ-ից

«Ագարակ» անցակետը բնականոն ռեժիմով աշխատում է և սպասարկում Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ բեռնատարների անցումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Հայ-իրանական սահմանի «Ագարակ» անցակետում վերջին 2 օրը շուրջ 900 բեռնատար է սպասարկվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունից։
Նշենք, որ Sputnik Արմենիայի թղթակից տեղից հայտնել է, որ Իրանի սահման տանող մայրուղում բեռնատարների 3 կիլոմետրանոց հերթ է առաջացել։ Վարորդներն ասում են, որ գերբեռնվածությունը կապված է մաքսային ձևակերպումների հետ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 4-ին, ժամը 16։00-ին քաղաքացիների անցումը հայ-իրանական սահմանով իրանական կողմում ժամանակավորապես դադարեցվել էր Իրանում ինտերնետի խափանման պատճառով։

«Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալում վերջին օրերին, ինչ Իրանում պատերազմական գործողություններ են, փոփոխություններ չկան»,- վստահեցնում են ՊԵԿ-ից։

Նշվում է նաև, որ «Ագարակ» մաքսային անցակետն աշխատում է սովորական ռեժիմով՝ սպասարկելով թե՛ Հայաստանից Իրան, թե՛ Իրանից Հայաստան բեռնատարների անցումը։